Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ ֆուտբոլիստները Եվրոպայում

Սպորտ

Ավարտվեցին ֆուտբոլի եվրոպական ակումբային մրցաշարերի որակավորման հերթական փուլերը:

Չեմպիոնների լիգայում շարունակում է հաջող հանդես գալ «Տիմիշոարան», որի առանցքային խաղացողներն են համարվում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Արտավազդ եւ Արման Քարամյանները: Որակավորման 3-րդ փուլի պատասխան խաղում ռումինական ակումբը սեփական հարկի տակ խաղաղ դաշն կնքեց այս տարվա ՈՒԵՖԱ-ի գավաթակիր Դոնեցկի «Շախտյորի» հետ` 0:0, եւ քանի որ առաջին խաղում գրանցվել էր արդյունավետ ոչ-ոքի (2:2), ուստի պայքարը կշարունակի հենց «Տիմիշոարան»: Մեր ֆուտբոլիստները մասնակցեցին ողջ հանդիպմանը: Ավաղ, Արտավազդը երկրորդ դեղին քարտը ստացավ այս մրցաշարում, եւ նա ստիպված բաց կթողնի իր թիմի առաջիկա հանդիպումը:
«Տիմիշոարայի» հաջորդ մրցակիցները կարող են լինել անգլիական «Արսենալը», «Լիոնը» (Ֆրանսիա), «Շտուտգարտը» (Գերմանիա), «Սպորտինգը» (Պորտուգալիա) եւ «Պանաթինաիկոսը» (Հունաստան): Վիճակահանությունը տեղի կունենա այսօր, ՈՒԵՖԱ-ի նստավայր Նիոնում:

Բելառուսի չեմպիոն «ԲԱՏԵ»-ն, որի կազմում հանդես է գալիս մեր ազգային թիմի հարձակվող Հովհաննես Գոհարյանը, չկարողացավ հաղթահարել լատվիական «Վենտսպիլսի» արգելքը (0:1, 2:1), եւ կրկնել անցած տարվա արդյունքը, երբ առաջին անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր:

Եվրոպական լիգայի մրցաշարում մեր ֆուտբոլիստներից ամենահաճախը խաղերին մասնակցում է Դոնեցկի «Մետալուրգի» հարձակվող Հենրիխ Մխիթարյանը: Նա կրկին աչքի ընկավ իր թիմի հերթական խաղին` դառնալով գոլի եւ արդյունավետ փոխանցման հեղինակ: «Մետալուրգը» հյուրընկալվելիս վստահ հաղթեց սլովենական «Ինտերբլոկին»` 3:0: Առաջին գոլը հեղինակել է հենց հայ լեգեոնականը: Իսկ ահա «Մետալուրգի» մեր մյուս ֆուտբոլիստը` Արարատ Առաքելյանը, կրկին չմասնակցեց իր թիմի հանդիպմանը:

Դանիական «Ռանդերսի» կազմում իր առաջին խաղն անցկացրեց Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը: Նա ամբողջովին մասնակցեց գերմանական «Համբուրգի» հետ արտագնա հանդիպմանը: Դանիական ակումբը թեեւ հաղթեց ուժեղ մրցակցին` 1:0, սակայն դուրս մնաց հետագա պայքարից, քանի որ իր հարկի տակ պարտվել էր ավելի խոշոր հաշվով` 0:4:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լեւոն Փաչաջյանի թիմը` «Ֆրեդրիկստադը», նույնպես հաջողության հասավ մրցակցի դաշտում` պարտության մատնելով Պոզնանի «Լեխին»` 2:1, սակայն դադարեցրեց ելույթները եվրոպական լիգայում, քանի որ առաջին խաղում պարտվել էր 1:6 գերխոշոր հաշվով: Ավաղ, մեր ֆուտբոլիստը չընդգրկվեց նույնիսկ թիմի փոխարինողների կազմում եւ ներկա չգտնվեց խաղին:

Այդպիսով, եվրոպական ակումբային գավաթների համար պայքարը կշարունակեն մեր 4 ֆուտբոլիստները, ինչպես նաեւ Հայաստանի հավաքականի նորեկ Հիրաչ Յագանը, որը հանդես է գալիս Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի մասնակից բելգիական «Ստանդարդում»: Իսկ ահա մեր ընտրանու հարձակվող Էդգար Մանուչարյանը, որի թիմը` հոլանդական «Այաքսը», նույնպես նվաճել է եվրոպական լիգայի ուղեգիր, չի կարող մասնակցել այդ մրցաշարին, քանի որ նա տեղափոխվել է մեկ այլ ակումբ` «Հաարլեմ», որը հանդես է գալիս Հոլանդիայի 1-ին դիվիզիոնում: