Շախմատն ինքնաարտահայտման միջոց
Աջակցիր «Ա1+»-ինԿույրերի միավորման մշակույթի տանն այսօր մեկնարկեց տեսողական խնդիրներով տղամարդկանց անհատական շախմատի 52-րդ համահայաստանյան մրցաշարի եզրափակիչ փուլը: Եզրափակիչ անցած 14 մասնակիցները մինչև օգոստոսի 15-ը կմրցեն չեմպիոնի կոչման համար:
«Մրցաշարն անց է կացվում 1948 թվականից: Այստեղ տարիքային սահմանափակում չկա, կա մրցապայքար: Բոլորն էլ ուժեղ խաղացողներ են, միջին վարկանիշը 2250 միավոր է, ինչը միջազգային վարպետի մակարդակ է»,- «Ա1+»-ին ասաց մրցաշարի կազմակերպիչ և մարզիչ Յուրա Ավետիսյանը: Նա նաև փաստեց, որ կույրերի շրջանում շախմատ խաղացողների թիվը զգալի նվազել է, իսկ երիտասարդ կադրեր չկան:
Քանի որ կանանց մրցաշար անցկացնելու համար շախմատիստուհիներ չկան, մասնակից միակ կինը` Աննա Կառնիզյանը, ստիպված է մասնակցել տղամարդկանց առաջնությանը:
«Գործ, բան չկա, ստիպված զբաղվում եմ: Լավ է, որ նոր գրքեր կան, կարդում եմ, իսկ էն ժամանակ շախմատը միակ զբաղմունքս էր», -«Ա1+»-ին ասաց նա:
«Ա1+»-ի հետ զրույցում մրցաշարի մասնակիցները նշեցին, որ տարին մեկ անգամ անցկացվող այս մրցաշարին մասնակցում են հաճույքով, թեև կան որոշ բարդություններ:
«Ամենամեծը տեղափոխման խնդիրն է: Որոշակի գումար է տրվում այս մրցաշարերին մասնակցելու համար, բայց դա չի բավարարում: Այս տարի չգիտեմ որքան կտան, անցյալ տարի 37 000 դրամ էր` ինձ և իմ ուղեկցին միասին»,- «Ա1+»-ին ասաց վանաձորցի Վահան Սարգսյանը: Նա, ի դեպ, ամենաերիտասարդ մասնակիցն է ու իր խոսքով` շախմատով զբաղվում է, որովհետև աշխատանք, այլ անելիք չունի:
Տեսողական խնդիրներով մարդկանց կարծիքով` իրենք ոչ թե անկարող ուժ են, այլ իրենց ունակությունները դրսևորելու հնարավորություն չունեն: Այնուհանդերձ, նրանք հպարտանում են իրենց հաղթանակներով.
«Հայաստանի անկախացումից հետո այս տարի առաջին անգամ կարողացանք մասնակցել միջազգային մրցումների: Հուլիսի 16-22-ը Թբիլիսիում Վարդան Պետրոսյանի անվան մրցաշարում ջախջախիչ պարտության մատնեցինք վրացական հավաքականին»,- ասաց Յուրա Ավետիսյանը: