Հավաքականի կազմը կհրապարակվի երկուշաբթի
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Վարդան Մինասյանը օգոստոսի 12-ին Մոլդովայի ընտրանու հետ կայանալիք ընկերական հանդիպմանը նախապատրաստվող թիմի կազմը կհրապարակի առաջիկա երկուշաբթի` երկրի առաջնության 16-րդ տուրի ավարտից հետո: Այդ մասին «Ա1+»-ի թղթակցին տեղեկացրեց մեր հավաքականի տեխնիկական տնօրեն Աշոտ Մանուկյանը:
Ըստ նախնական տվյալների` մեր հավաքականի մարզիչը մտադիր է թիմում ընդգրկել բոլոր այն լեգեոնականներին, ովքեր մշտապես մասնակցում են իրենց թիմի հանդիպումներին: Դրանք են Քարամյան եղբայրները («Տիմիշոարա», Ռումինիա) Արարատ Առաքելյանը, Հենրիխ Մխիթարյանը (երկուսն էլ «Մետալուրգ» Դոնեցկ, Ուկրաինա) Ռոման Բերեզովսկին («Խիմկի», Ռուսաստան): Սակայն առաջին չորս ֆուտբոլիստների համար ներկայումս կարեւոր ժամանակաշրջան է սկսվել, քանի որ նրանք իրենց թիմերի կազմում պայքարում են եվրոպական գավաթների խմբային փուլ մտնելու համար, ուստի բացառված չէ, որ նրանց ակումբների ղեկավարները խնդրանքով դիմեն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային` իրենց խաղացողներին ընկերական հանդիպումից ազատելու համար:
Իսկ ահա մեր մնացած լեգեոնականները, մասնավորապես Ռոբերտ Արզումանյանը եւ Լեւոն Փաչաջյանը, ներկայումս զբաղված են նոր ակումբ փնտրելով, քանի որ նրանք վերջին ժամանակներին չեն ընդգրկվում իրենց թիմերի խաղերին, ուստի մտադիր են տեղափոխվել այլ թիմեր:
Վարդան Մինասյանն առաջին անգամ հավաքական է հրավիրել Եղիա Յավրույանին, ով հանդես է գալիս Թել Ավիվի «Մակքաբիում»: Նա ժամանակին հրավիրվել էր մեր ազգային թիմ, սակայն ՖԻՖԱ-ն Յավրույանին թույլ չէր տվել հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո, քանի որ նա արդեն խաղացել էր Ռուսաստանի պատանեկան հավաքականում: Այսօր ՖԻՖԱ-ի օրենքը նման դեպքերում ֆուտբոլիստին հնարավորություն է տալիս մեկ անգամ փոխել երկրի հավաքականը: