Մեր ֆուտբոլիստները` դրսում
Աջակցիր «Ա1+»-ինՈւԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլում «հայկական» թիմերը դարձյալ հաղթանակ չտարան: Խոսքը վերաբերում է ռումինական «Տիմիշոարային» ու Բելառուսի ԲԱՏԵ-ին, որոնց կազմում հանդես են գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ, համապատասխանաբար Արտավազդ ու Արման Քարամյանները եւ Հովհաննես Գոհարյանը:
Քարամյան եղբայրները մասնակցեցին Դոնեցկի «Շախտյորի» հետ արտագնա խաղին: Նրանց թիմը չնայած երկու անգամ առաջ անցավ հաշվի մեջ, սակայն չկարողացավ պահպանել այդ առավելությունը: Ի վերջո, գրանցվեց մարտական ոչ-ոքի` 2:2: Արտավազդ Քարամյանը կոպիտ խաղի համար 39-րդ րոպեին դեղին քարտ ստացավ:
Հովհաննես Գոհարյանը թեեւ հայտավորվեց լատվիական «Վենտսպիլսի» հետ արտագնա հանդիպմանը, սակայն պահեստային խաղացողների թվում: ԲԱՏԵ-ի գլխավոր մարզիչ Վիկտոր Գոնչարենկոն նրան այդպես էլ խաղադաշտ չմտցրեց:
Ավելացնենք, որ Երեւանի «Փյունիկին» պայքարից դուրս բերած Զագրեբի «Դինամոն» այս փուլի առաջին մրցավեճում հյուրընկալվելիս ոչ-ոքի` 1:1 խաղաց ավստրիական «Զալցբուրգի» հետ, այն թիմի հետ, որը մեկ տարի առաջ ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում պարզապես ջախջախեց Երեւանի «Բանանցին»` 7:0, 3:0:
Այսօր տեղի կունենան Եվրոպայի լիգայի որակավորման 3-րդ փուլի առաջին հանդիպումները: Հայ ֆուտբոլասերների ուշադրության կենտրոնում կգտնվեն նվազագույնը 3 հանդիպումներ: Դոնեցկի «Մետալուրգը», որի կազմում հանդես են գալիս մեր ընտրանու երկու ֆուտբոլիստները` Արարատ Առաքելյանն ու Հենրիխ Մխիթարյանը, սեփական հարկի տակ կմրցի Սլովենիայի «Լյուբլյանա» թիմի հետ:
Լուրջ փորձություն է սպասվում մեր հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանի թիմին` դանիական «Ռանդերսին», որը կհանդիպի Գերմանիայի ուժեղագույն ակումբներից մեկի` «Համբուրգի» հետ: Նորվեգիայի «Ֆրեդրիկստադը», որի ֆուտբոլիստն է Լեւոն Փաչաջյանը, իր հարկի տակ կընդունի Պոզնանի «Լեխին»: