Մեկ ոսկի, մեկ` արծաթ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականը Շվեդիայի Լանդսկրունա քաղաքում մեկնարկած Եվրոպայի այդ տարիքային առաջնության առաջին օրը նվաճեց երկու մեդալ` մեկ` ոսկի, մեկ` արծաթ:
56 կգ քաշային կարգում աշխարհամասի չեմպիոնի կոչումը նվաճեց Սմբատ Մարգարյանը: Պոկում վարժությունը նա սկսեց 95 կգ ծանրաձողով, ապա բարձրացրեց համապատասխանաբար 100 կգ եւ 104 կգ: Նույնպիսի արդյունք ցույց տվեց նաեւ թուրք ծանրորդ Ալգուլ Իսմեթը, ով ի հաշիվ անձնական թեթեւ քաշի` զբաղեցրեց 2-րդ տեղը: Այս վարժությունում հաղթող ճանաչվեց բուլղարացի Նազիֆ Ֆերդին` 105 կգ:
Հրում վարժությունը Սմբատը սկսեց այն ժամանակ, երբ նրա 6 մրցակիցներից 5-ն արդեն ավարտել էին ելույթները: Նա առաջին փորձի ժամանակ ցույց տվեց 131 կգ արդյունք եւ դարձավ միանձնյա առաջատար: Սակայն բուլղարացի Ֆերդին երրորդ մոտեցման ժամանակ բարձրացրեց 132 կգ եւ կրկին գլխավորեց մրցապայքարը: Սմբատը ռիսկի չդիմեց եւ պատվիրեց 133 կգ: Մեր մարզիկը հաղթահարեց այդ արգելքը եւ երկամարտում ցույց տվեց 237 կգ արդյունք, այնքան, որքան բուլղարացի ծանրորդը: Սակայն չեմպիոնի կոչումը նվաճեց Մարգարյանը, քանի որ նա անձնական քաշով` ավելի կոնկրետ 15 գրամով, թեթեւ էր Ֆերդիից: Երրորդ տեղը գրավեց բուլղարացի մեկ այլ ծանրորդ Ասեն Մուրադովը:
Այնուհետեւ մրցասպարեզ բարձրացան 62 կգ քաշային ծանրորդները: Այս քաշում Հայաստանը ներկայացրեց Ռուբեն Մանոյանը: Նա պոկում վարժությունում ցույց տվեց երկրորդ արդյունքը` 120 կգ, երկու կիլոգրամով զիջելով Կիպրոսի ներկայացուցիչ Դիմիտրիս Մինասիդիսին: Հրում վարժությունում երկու մարզիկներն էլ ցույց տվեցին միեւնույն 145 կգ արդյունք: Մանոյանն ի հաշիվ անձնական ավելի թեթեւ քաշի արժանացավ փոքր ոսկե մեդալի, բայց երկամարտում այդպես էլ մնաց երկրորդը: Բրոնզե մեդալը նվաճեց բուլղարացի Վլադիմիր Ուրումովը:
Կանանց 48 կգ քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճեց թրքուհի Օկուր Սազիեն, որը համաշխարհային ռեկորդներ սահմանեց եւ պոկում, եւ հրում վարժություններում, ինքնաբերաբար` նաեւ երկամարտում:
Այսօր պայքարի մեջ կմտնեն տղամարդկանց 69 կգ ու 77 կգ, եւ կանանց 53 կգ քաշայինները: Մեր հանրապետությունից հանդես կգան Ռոման Հարությունյանն ու Ժորիկ Պողոսյանը (երկուսն էլ 69 կգ կարգում): Այնուհետեւ մենք բաց կթողնենք 4 քաշային կարգերը, ապա նոր միայն Ռուբիկ Ալեքսանյանն ու Հայկ Հակոբյանը կմասնակցեն գերծանր քաշայինների մրցումներին: