Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արոնյանը հաստատում է բարձր կարգը

Սպորտ

Լեվոն Արոնյանը գերազանցեց բոլոր սպասելիքները Ֆիշերի արագ շախմատի աշխարհի առաջնությունում, որն անցկացվում է Գերմանիայի Մայնց քաղաքում:

Մրցաշարի առաջին օրը հայաստանցի գրոսմայստերը պարզապես «նոկաուտի» ենթարկեց իր մրցակիցներին: Նա առաջին պարտիայում սեւ խաղաքարերով հաղթեց Հիկարու Նակամուրային, երկրորդում սպիտակներով պարտության մատնեց մոլդովացի Վիկտոր Բոլոգանին, իսկ երրորդում, դարձյալ սեւերով, առավելության հասավ Սլովակիան ներկայացնող Սերգեյ Մովսիսյանի նկատմամբ:

Երեք հնարավորից վաստակելով նույնքան միավոր, Արոնյանը վստահորեն գլխավորեց մրցաշարային աղյուսակը, քանի որ մրցակիցները միմյանց հետ մրցամարտերում նույնպես միավորներ կորցրեցին: Մովսիսյանը հաղթեց Նակամուրային, վերջինս Բոլոգանին, իսկ մոլդովացի գրոսմայստերը`Մովսիսյանին: Այդպիսով, նրանք միասին վաստակեցին այնքան միավոր, որքան Արոնյանը` միայնակ:

Այսօր տեղի կունենան մնացած 3 տուրերի պարտիաները: Եզրափակիչ մտնելու համար Լեւոնին բավական է վաստակել ընդամենը կես միավոր: