Կշարունակի ելույթները
Աջակցիր «Ա1+»-ինԱրգենտինահայ թենիսիստ Դավիդ Նալբանդյանը չնայած վնասվածքի պատճառով արդեն 3 ամիս է` չի մասնակցում մրցաշարերին, սակայն շարունակում է մնալ Արգենտինայի թիվ 1 թենիսիստը: Տղամարդկանց թենիսի պրոֆեսիոնալ միության կողմից հրապարակված դասակարգման նոր աղյուսակում Նալբանդյանը զբաղեցնում է 14-րդ տեղը: Նրա հայրենակից Խուան Մոնակոն այդ ցուցակում ընդամենը 41-րդն է, իսկ Խոսե Ակասուսոն` 48-րդը:
Նալբանդյանը ներկայում գտնվում է հայրենի Կորդոբա քաղաքում: «Այստեղ,ամեն օր ես անցկացնում եմ երկուական մարզում, առավոտյան 30 րոպե, երեկոյան` 1 ժամ: Այդպես կշարունակեմ պարապել այնքան ժամանակ, քանի դեռ չեմ զգա, որ ի վիճակի եմ ավելի ծանրաբեռնված աշխատել: Ցավոք, այս տարի դժվար թե կարողանամ մասնակցել որեւէ մրցաշարի» ,- հայտարարել է 27-ամյա թենիսիստը:
Սակայն հայազգի մարզիկն իր երկրպագուներին հավաստիացրել է, որ ծանր վնասվածքից ու վիրահատությունից հետո չի հուսահատվել եւ մտադիր է եւս 2-3 տարի հանդես գալ մեծ թենիսում: