Ռեկորդներ են սահմանել
Աջակցիր «Ա1+»-ինԻտալիայի մայրաքաղաք Հռոմում շարունակվում է ջրային մարզաձեւերի աշխարհի հերթական` 13-րդ առաջնությունը: Այսօր արդեն տեղի են ունեցել նախնական փուլի չորս մեկնարկները (տղամարդկանց 50 մ բրաս, 200 մ ազատ ոճ, կանանց 200 եւ 800 մ ազատ ոճ): Մեր մարզիկները մասնակցեցին միայն տղամարդկանց բրաս ոճի մրցումներին:
Առաջինը մեկնարկի ելավ Անդրանիկ Հարությունյանը: Նա ցույց տվեց 30,97 վրկ արդյունք: Հաջորդը` 7-րդ խմբում ընդգրկված Նորայր Ղազարյանը, էլ ավելի ցածր արդյունք ցույց տվեց` 32,08 վրկ: 161 լողորդների մեջ Անդրանիկ Հարությունյանը զբաղեցրեց 103-րդ, իսկ Նորայր Ղազարյանը` 114-րդ տեղը: Այսօր ուշ երեկոյան տեղի կունենան եւս 8 մրցումներ:
Ի դեպ, մեր լողորդները չնայած շատ համեստ արդյունքներ են ցույց տալիս առաջնությունում, սակայն արդեն թարմացրել են Հայաստանի երկու ռեկորդները: 50 մ բատերֆլյայում հանրապետության նոր ռեկորդ սահմանեց Միքայել Քոլոյանը: Այն հավասար է 25, 83 վայրկյանի: Երեկ նա թարմացրել է նաեւ 200 մ ազատ ոճի հանրապետական ռեկորդը, որն այժմ կազմում է 1:53,76 րոպե: Հիշեցնենք, որ Հռոմում արդեն 5 նոր համաշխարհային ռեկորդներ են սահմանվել: