Ճանապարհածախս, թե՞ սնունդ
Աջակցիր «Ա1+»-ինԼոռու մարզի Աքորի գյուղում բնակվող Մոսինյանների ընտանիքում 6 երեխաներից միայն 4 տարեկան Էդգարն է կարողանում խոսել։
Մնացած երեխաներն ի ծնե զուրկ են լսելու եւ խոսելու ունակությունից։ Էդգարն արդեն սովորել է ժեստերի լեզուն եւ կարողանում է հաղորդակցվել եղբայրների ու քրոջ հետ։
Երեխաներից ավագը` 18, կրտսերը՝ 3 տարեկան է։ Մայրը մեծ դժվարությամբ վեց երեխայից չորսին Երեւանի հատուկ` խուլ-համրերի դպրոց է ուղարկում։
Դպրոցը երեխաներին օթեւան եւ սնունդ է տրամադրում, բայց ծնողները տարվա ընթացքում հազվադեպ են կարողանում հանդիպել երեխաներին։ Մեծերին դպրոցից են ճանապարհածախս տրամադրում մեկ-մեկ տուն գալու համար, իսկ իրենք չեն կարողանում գնալ.
ՙԳնալ-գալը դժվար է, դատարկ չես կարող երեխաների մոտ գնալ, 4 երեխայի մոտ գնալը հե՞շտ է, ստեղից հագուստ եվ գրենական պիտույքներ, ամեն ինչ պիտի տանենք՚, - ասում է տիկին Սուսաննան, որն արդեն մտածում է նոր ուսումնական տարվա համար անհրաժեշտ գրենական պիտույքների եվ հագուստի ծախսերը հոգալու մասին։
Ընտանիքի եկամտի միակ աղբյուրը պետության կողմից հատկացվող ընտանեկան նպաստը եվ հաշմանդամության թոշակներն են։ Ընդհանուր առմամբ՝ դա 103. 000 դրամ է կազմում։ Մեկ երեխային 11.200 դրամ թոշակ են տալիս։
ՙՄի կոշիկը 5000-6000 դրամ է , ի՞նչ կարաս անես էդ փողով, դպրոցի հագուստ առնես, սնու՞նդ, թե ճանապարհածախս տաս դպրոց գնալու համար՚,- անհրաժեշտ ծախսերն է հաշվարկում երեխաների մայրը, որն արդեն ամաչում է գյուղի խանութից ապառիկ առեւտուր անելու համար, քանի որ խանութում ունեցած պարտքն արդեն 200.000 դրամ է կազմում։
Ասում է , որ ամուսինը երեք ամիս առաջ է վերադարձել Ռուսաստանից։ Տնտեսական ճգնաժամի պատճառով նրան այդպես էլ չի հաջողվել այնտեղ աշխատանք գտնել ։
ՙՆա էլ անառողջ մարդ ա, երկրորդ կարգի հաշմանդամ, ի՞նչ կարող եմ պահանջել նրանից,-իր հոգսերի մասին պատմում է ընտանիքի մայրը ,-Գոնե հանրակացարանով ապահովեն Երեվանում, գնալ-գալը հնարավոր չէ, այնտեղ գոնե մի անկյուն կունենանք, իմ էրեխեքի մոտ կլինեմ, գյուղում ապագա չունեն իրենք, դպրոցը վերջացնելուց հետո հնարվոր է այնտեղ մի աշխատանք գտնեն,աշխատեն՚։
Ալավերդու «Անկյուն+3» ՀԸ