Արսինե Խանջյան. «2 այծի նման տարբեր սարերի վրա չկանգնինք ...»
Աջակցիր «Ա1+»-ինԿանադահայ հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանը 3 տարի չէր եղել Հայաստանում ու հիմա տեսնում է բաներ, որոնք նրան եւ մտահոգում են, եւ ուրախացնում:
Ուրախալին նրա համար «Ոսկե ծիրան» երեւանյան 6-րդ միջազգային կինոփառատոնն էր: Համեմատական հայացքով դիտելով այն` Արսինե Խանջյանն նկատել է, որ այս կարճ ժամանակահատվածում «կինոփառատոնն ինքնին 10 տարվա առաջընթաց է ունեցել»: Հատկապես նրան դուր էր եկել կինոփառատոնի կազմակերպչական մասը, որը ըստ նրա` «շատ հետաքրքրական ճանապարհ է անցել եւ շատ զորավոր մոտեցում ուներ»: «Ոսկե ծիրան»-ը կարողացավ զորավոր հայացք ձեւավորել»,- կինոփառատոնն այսպես բնորոշեց դերասանուհին:
Իր մտահոգություններին նա զգուշորեն անդրադարձավ: Հայոց ցեղասպանության խնդրի կապակցությամբ մտահոգություն հայտնեց, թե այն այսօր միայն տեսական հարթության վրա է քննարկվում: Խանջյանը պատմեց, որ մի անգամ տխրել էր իր ծանոթներից մեկի ակնարկից, թե ինչո՞ւ է Ցեղասպանության մասին թեման դուրս գալիս միայն Սփյուռքից: «Այդ հարցը ես բաց եմ թողնում ու դնում սեղանին: Նկատեմ միայն, որ եթե այն դարձնենք միայն Սփյուռքի նյութը, դրանից ամենամեծ տուժողը Հայաստանն ու Արցախը կլինեն»,- նշեց Արսինե Խանջյանը` ավելացնելով. «Կինոն ժամանակի անդրադարձն է եւ ի դեպ, Հայաստանում էլ կան բազմաթիվ հարցեր, որոնք չեն արտահայտվում կինոյի լեզվով»:
3-ամյա ընդմիջումից հետո նա Երեւանը չէր ճանաչել. «Միայն շենքեր-շենքեր, դրանից այն կողմ ի՞նչ ենք ցույց տալու աշխարհին: Եթե այս ամենն առաջադիմություն է, ուրեմն գոնե նվազագույն մշակութային տարր պետք է ունենային դրանք: Նրբաճաշակ հասկացողություն պետք է լինի մեր իշխանությունների կողմից, որը դեռ չկա: Մենք չկարողացանք մշակել արվեստագետի ձայնը, որն իսկական զենք կարող էր լիներ: Այդ նրբությունը դեռ չեն հասկանում իշխանությունները»:
Նա նաեւ անդրադարձավ Սփյուռքում առկա հատկապես հայապահպանության խնդիրներին: Նրա համար շատ զարմանալի ու որոշ չափով էլ անընդունելի էին հատկապես ՀՀ Սփյուռքի նախարարության մոտեցումներն ու աշխատանքներն այս ուղղությամբ: «Սփյուռքի ձուլման հարցն ինձ նվազ է մտահոգում. նախարարությունը պետք է կարողանա Հայաստանի եւ Սփյուռքի հարաբերությունները մշակել: Մինչդեռ կոնֆերանսներից մեկի ժամանակ նախարարությունը չգիտես ինչու որոշել էր քննարկել խառը ամուսնությունների հարցը: Սա նյութ չէ, մենք այդ հարցը 85 տարուց ավելի է ծեծում ենք ու դրա մասին մենք հոգ կտանենք, Հայաստանի կարիքն այստեղ չկա: Դրա փոխարեն մեր հոգեբանական հարցերը պետք է մշակվեն: Եթե 2 այծի նման Հայաստանն ու մենք` Սփյուռքը, ամեն օր պետք է իրար զարնվինք, թող զարնվինք, միայն թե ամեն մի այծը մի բլուրի վրա չգնա, կանգնի»,- ընդգծեց նա:
Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե նա հիմա դեմ է խոսում հայոց պետականությանը, Արսինե Խանջյանը զարմացած պատասխանեց. «Դեմոկրատական համակարգի մեջ այդ իրավունքն ունեմ: Եթե դուք կամ ժողովուրդը պետք է վախեցած լինի, թե մեր իշխանությունները դա այլ կերպ կնայեն, թող նայեն: Ես Սփյուռքից եմ գալիս ու ետ եմ դառնալու, դրա համար հանգիստ կարող եմ ամեն ինչի մասին բարձրաձայնել: Հայաստանում ո՞վ կարող է այս եւ այլ խնդիրների մասին այսօր այսպես հանգիստ խոսել»: