Հրաժարվում են հողը մշակել
Աջակցիր «Ա1+»-ինՕձունում այս տարի մշակվել է վարելահողերի ընդամենը 15 տոկոսը: Օձունի գյուղապետ Արսեն Տիտանյանի կարծիքով' գյուղացիները հողը չեն մշակի այնքան ժամանակ, մինչև գյուղում հակակարկտային կայան չտեղադրվի: Ըստ նրա' փորձը ցույց է տալիս, որ ամեն տարի Օձունի դաշտերը կարկտահարվում են: Կայանի տեղադրման նպատակով գյուղապետարանն արդեն դիմել է կառավարությանը. "Նախնական խոստացել են' 2010թ-ին այն մեզ մոտ կտեղակայեն, սպասում ենք 2010թ-ը գա, տեսնենք":
Գյուղապետն ասում է' նախորդ տարիներից Օձունում 180 մլն դրամ պարտք է կուտակվել: Սոցիալական խնդիրների պատճառով գյուղացու համար դժվար է սեփական միջոցները հավաքագրել: Հիմնական և պարտաճանաչ հարկատուները կենսաթոշակառուներն են. "էս տարի գյուղացիներին մի քիչ արտոնություն է տրվել: Կառավարության որոշմամբ մինչև դեկտեմբերի 31-ը հողի հարկերի մայր գումարն ամբողջությամբ մարելու դեպքում' տույժերը գյուղացու վրայից լրիվ հանվում են":
Օձունում անասնապահությամբ զբաղվելը նույնպես մեծ դժվարությունների հետ է կապված. կաթի իրացումը լրջագույն խնդիր է:
"Արդեն 3 ամիս է, կաթը հանձնել ենք, փողը չեն տալիս,- ասում է օձունեցի Գոհար Ասրյանը,- հենց կոնկրետ Օձունում սարը բարձրացեք, հարցրեք' ինչքան ժողովուրդ սոված-ծարավ, առանց հացի փողի սարերումն է: Ոչ մեկը կաթի փողերը նորմալ ստանալ չի կարողանում":
Տիկին Ասրյանը վարչապետին պատրաստվում է իր և համագյուղացիների անունից դիմում ուղարկել. "Վարչապետին նամակով խնդրանքս է, որ կամ վարկերն ավելի երկար ժամանակով տրամադրվեն, կամ էլ' էս տրամադրած վարկերի ժամկետը, որոնք չենք կարողանում վճարել, երկարաձգվի: Մի բան ձեռնարկեն, որ ժողովուրդը մի քիչ կարգավորվի":