Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանին ընդամենը երկու ուղեգիր

Սպորտ

Այսօր լիտվական Կաունաս քաղաքում կմեկնարկի աթլետիկայի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունը:

Հայաստանն այդ ստուգատեսում կներկայացնեն երկու հոգի: Կապանի աթլետիկայի մարզադպրոցի սան Հայկանուշ Բեգլարյանը կմասնակցի եռացատկի մրցումներին, իսկ Արտաշատի քաղաքային մարզադպրոցի աթլետ Արամ Դավթյանը հանդես կգա 800 մ վազքում: Նրանց հետ Լիտվա է մեկնել նաեւ Հրանուշ Բեգլարյանի անձնական մարզիչ Արսեն Պետրոսյանը:

Մեր աթլետները մրցասպարեզ կմտնեն հենց այսօր, հուլիսի 16-ին: Հայկանուշ Բեգլարյանը հանդես կգա որակավորման «Ա» խմբում, որում ընգրկված են բարձր արդյունքներ ունեցող մարզուհիներ: Ուժեղ խմբում է հայտնվել նաեւ Արամ Դավթյանը, ում բոլոր մրցակիցներն էլ ավելի բարձր արդյունքներ ունեն: Այնպես որ,եզրափակիչ փուլ մտնելու համար մեր աթլետները պետք է բարելավեն նախկինում ցույց տված իրենց արդյունքները:

Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, ՀՀ սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարության աթլետիկայի գլխավոր մասնագետ Նարինե Շահբազյանը «Ա1+»-ի հետ զրույցում բացատրեց, թե ինչու են առաջանությանը մասնակցում ընդամենը 2 հայ մարզիկներ:

«Ընդամենը երկու մասնակից ունենալու պատճառն այն է, որ աթլետիկայի միջազգային ֆեդերացիան աշխարհի եւ Եվրոպայի առաջնությանը մասնակցելու իրավունք է տալիս այն մարզիկ-մարզուհիներին, ովքեր հանձնում են ֆեդերացիայի կողմից սահմանված հատուկ նորմատիվային պահանջները: Իսկ եթե աթլետները չեն կատարում այդ պահանջները, ապա ֆեդերացիան բոլոր երկրներին տրամադրում է մասնակցության ընդամենը երկու ուղեգիր, ընդ որում նրանցից մեկը պետք է աղջիկ լինի, մյուսը` տղամարդ : Այս մրցումների մեր մասնակիցներից նորմատիվային պահանջը կատարել է միայն Հայկանուշ Բեգլարյանը, իսկ Արամ Դավթյանը` ոչ»,-ասաց նա:

Ի դեպ, նախնական որոշմամբ առաջնությանը մեր հանրապետությունից պետք է մասնակցեր նորմատիվ հանձնած, հեռացատկորդ Վարդան Փահլեւանյանը, սակայն նա ներկայումս վնասվածք ունի:
Այս առաջնությունը օլիմպիական վարկանիշ տալիս է մարզիկների՞ն. «Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու համար մարզիկ-մարզուհիները դարձյալ պետք է հանձնեն համապատասխան նորմատիվներ, իսկ դրանք շատ բարձր արդյունքներ են պահանջում: Նորմատիվներ չունեցող երկրներին միջազգային ֆեդերացիան կրկրին տրամադրում է մասնակցության երկու ուղեգիր»,- նշեց Նարինե Շահբազյանը:

Ավելացնենք, որ հուլիսի 23-26-ը Նովի-Սադ (Սերբիա) քաղաքում կկայանա Եվրոպայի ավագ տարիքի պատանիների (18-19 տարեկաններ) առաջնությունը, որտեղ Հայաստանը կներկայացնեն վազորդներ Անի Խաչիկյանն ու Տարոն Խաչատրյանը։ Երկուսն էլ կմրցեն 100 մ վազքում։ Օգոստոսին Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում անցկացվելու է աթլետիկայի աշխարհի հերթական առաջնությունը: Այդ ստուգատեսին կմասնակցի նիզականետորդ Մելիք Ջանոյանը, ով այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Գյումրիում: Նա հուլիսի 26-ին կմեկնի Գերմանիա, որտեղ կշարունակի ուսումնական հավաքը, ապա կմասնակցի առաջնությանը: Մեր մյուս մասնակիցը կորոշվի մոտ օրերին: Սակայն արդեն պարզ է, որ նա կլինի աղջիկ եւ կմասնակցի վազքային ձեւերի մրցումներին: