Հարգանքի տուրք էին մատուցում
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր ժամը 14:00-ից մինչեւ 16:00-ն Արտաքին գործերի նախարարություն էին այցելում տարբեր դեսպանատների ներկայացուցիչներ եւ ղեկավարներ:
Վերջիններս գալիս էին Սգո մատյանում իրենց ցավակցական խոսքը գրելու ինքնաթիռի վթարի առիթով:
Դեսպանները հերթականությամբ մոտենում էին սեղանին, մատյանում ինչ-որ տողեր գրում, այնուհետեւ հեռանում: Նրանց դիմավորում էին ԱԳ նախարարի տեղակալները: ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Ստեփանակերտում է:
Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղաիյանը ցավակցեց զոհվածների հարազատներին, ՀՀ պաշտոնատար անձանց ի դեմս Սերժ Սարգսյանի, եւ նրանց ցանկացավ հոգու տոկություն եւ համբերություն:
Վերջինս լրագրողներին հավաստեց, որ վաղը Իրանի դեսպանատանը լինելու է սգո մատյան: Հիշեցնենք, որ իրանահայ թեմը հայտարարել է եռօրյա սուգ, իսկ Թեհրանում պաշտոնապես սուգ չի հայտարարվել:
ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Կոնսուելա Վիդալը ՄԱԿ-ի անունից խորին ցավակցություն հայտնեց Իրանի եւ Հայաստանի բնակչությանը. «Մենք կարծում ենք, որ շատ ծանր պահ է զոհվածների ընտանիքների համար եւ հույս ունենք, որ Աստված նրանց օգնական կլինի»:
Վրաստանի դեսպանի գործերի ժամանակավոր հավատարմատար Գոչա Գվարամաձեն էլ ցավակցեց Հայաստանի եւ Իրանի ժողովրդին. «Ձեր կողքին ենք կանգնած»:
Իսկ ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչն էլ ԱՄՆ ժողովրդի անունից ցավակցեց բոլոր զոհվածների հարազատներին,նշելով, որ. «Մեր սրտերը նրանց հետ են»: