Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խաղը` կեսգիշերից 15 րոպե առաջ

Սպորտ

Այսօր, հուլիսի 16-ին, ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման 2-րդ փուլում իր առաջին հանդիպումը կանցկացնի Կապանի «Գանձասարը»: 2008 թվականի հանրապետության բրոնզե մեդալակիրը հոլանդական Բրեդա քաղաքի «Ռատ Վերլեգ» մարզադաշտում ուժերը կչափի տեղի համանուն թիմի հետ:

«Գանձասարը» Հոլանդիա մեկնեց խաղի նախօրեին: Թիմի կազմում ընդգրկվել են 18 ֆուտբոլիստներ, այնքան, որքան անհրաժեշտ է հանդիպման արձանագրությունը լրացնելու համար: «Գանձասարի» գլխավոր մարզիչ Սլավա Գաբրիելյանը մեկնումից առաջ մեր թղթակցին տեղեկացրեց, որ թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստները նորմալ վիճակում են եւ լրջորեն են պատրաստվում խաղին:

«Գանձասարը» առաջին անգամ է մասնակցում եվրոգավաթների մրցաշարին: Մեր թիմն ընդամենը 6 տարվա պատմություն ունի: 2004-2005 թթ «Գանձասարը» մասնակցել է Հայաստանի 1-ին խմբի մրցաշարին, իսկ 2006 թ սկսած հանդես է գալիս բարձրագույն խմբում:

Թեեւ նման կարճատեւ կենսագրությանը, կապանյան ակումբն արդեն մեկ անգամ դարձել է ՀՀ առաջնության մրցանակակիր, ինչը չի հաջողվել բարձրագույն խմբում հանդես եկած բազմաթիվ թիմերի: Ցավոք,այս տարի «Գանձասարը» անհաջող է սկսել մրցաշրջանը եւ առաջնության երկրորդ շրջանից հետո զբաղեցնում է ընդամենը 5-րդ տեղը` առաջատար «Փյունիկից» ետ մնալով 17 միավորով: Ինչպես նշեց Սլավա Գաբրիելյանը, հոլանդացիների հետ խաղից առաջ իրեն առաջին հերթին մտահոգում է թիմի միջին գիծը:

«Բրեդան» թեեւ Հոլանդիայի տիտղոսակիր ակումբներից չէ (թիմը վերջին անգամ երկրի չեմպիոն է դարձել 1921 թվականին, իսկ գավաթակիր` 1973-ին), սակայն Եվրոգավաթներին մասնակցելու փորձ ունի: Թիմը մեկական անգամ մասնակցել է Եվրոպայի գավաթակիրների գավաթի, ՈւԵՖԱ-ի գավաթի եւ Ինտերտոտոյի գավաթի խաղարկություններին, եվրոպական մրցասպարեզներում անցկացրել է 12 խաղ, որից հաղթել է 3-ում, պարտվել` 5-ում:

«Բրեդա» - «Գանձասար» հանդիպումը Երեւանի ժամանակով կսկսվի ժամը 23:45-ին: Հանդիպումը կսպասարկի Ֆինլանդիայի մրցավարական խումբը` Պետերի Կարիի գլխավորությամբ: