Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կամային հաղթանակ տարավ

Սպորտ

Արգենտինական «Էստուդիանտեսն» անցած գիշեր 4-րդ անգամ նվաճեց Հարավային Ամերիկայի ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցանակը` «Լիբերտադորեսի գավաթը»: Եզրափակչի պատասխան խաղում «ուսանողները» Բելու Օրիզենտեում 2:1 հաշվով առավելության հասան տեղի «Կրուզեյրոյի» նկատմամբ, թեեւ նրանք առաջինը գոլ բաց թողեցին:

Հանդիպման գլխավոր իրադարձությունները տեղի ունեցան երկրորդ 45 րոպեների ընթացքում: Նախ «Կրուզեյրոյի» կիսապաշտպան Էնրիկեն օգտվեց հյուրերի պաշտպան Դեսաբատոյի սխալից եւ մոտ տարածությունից գրավեց դարպասը: Հավասարակշռությունը վերականգնելու համար «Էստուդիանտեսից» պահանջվեց ընդամենը վեց րոպե. Վերոն - Սելայա - Ֆերնանդես դասական եռաքայլ կոմբինացիայից հետո վերջինս մոտ 12 մ հառավորությունից հաշվենկատ հարվածով հավասարացրեց հաշիվը: Հաղթական գոլը գրանցվեց խաղավարտից 17 րոպե առաջ, երբ անկյունայինի խաղարկումից հետո արգենտինացիների հարձակվող Մաուրո Բոսելին գլխի շեշտակի հարվածով անակնկալի բերեց դաշտի տերերի դարպասապահ Ֆաբիոյին:

«Էստուդիանտեսը» կամային հաղթանակ տարավ եւ 39 տարի անց իրեն վերադարձրեց «ազատության գավաթը» (նախկինում թիմը մրցանակին տիրել էր 1968, 1968, 1970 թթ): Այդպիսով, արգենտինական ակումբը կմասնակցի աշխարհի ակումբային առաջնությանը, որը տեղի կունենա այս տարվա դեկտեմբերին, Աբու Դաբիում:

Խաղը դիտելու համար Բելու Օրիզենտե էին ժամանել 5000 արգենտինացի երկրպագուներ, սակայն թե խաղից առաջ, եւ թե ավարտից հետո, նրանց ու բրազիլական թորսիդայի միջեւ որեւէ ընդհարում տեղի չունեցավ, թեեւ հայտնի է, որ երկու երկրների ֆուտբոլասերների հարաբերությունները միշտ էլ լարված են եղել: