Հաշիվը համարեց տրամաբանական
Աջակցիր «Ա1+»-ինՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի առաջին մրցավեճում Երեւանի «Փյունիկը» սեփական դաշտում անսպասելի ոչ-ոքի' 0:0 խաղաց Զագրեբի «Դինամոյի» հետ: Անսպասելի, քանի որ հանդիպումից առաջ մասնագետները երեք անգամ բարձր էին գնահատում խորվաթական թիմի հնարավորությունները:
Հանդիպման առաջին խաղակեսն անցավ հյուրերի տարածքային առավելությամբ, իսկ երկրորդում ավելի ակտիվ էին դաշտի տերերը: «Փյունիկի» կազմում գոլ խփելու լավ հնարավորություններ ունեցավ թիմի նորեկ Մարկոս Պիզելին, սակայն մի դրվագում նա անտեղի շտապեց և թույլ հարվածեց, իսկ երկրորդի ժամանակ գերազանց խաղաց «Դինամոյի» փորձառու դարպասապահը, ով ետ մղեց բրազիլացի հարձակվողի հուժկու հարվածը:
Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 21-ին, Զագրեբի «Մակսիմիր» մարզադաշտում' առանց հանդիսականների: Պատճառն այն է, որ ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն մեկ խաղով որակազրկել է «Դինամոյի» մարզադաշտը' եվրոգավաթների հանդիպումներում թիմի երկրպագուների կողմից հրահրած անկարգությունների համար: Ի դեպ, Խորվաթիայից Երեւան էին ժամանել մոտ 20 դինամոյական «ֆանատեր»: Նրանք բավական կազմակերպված էին, ու թեեւ ակմկոտ էին, սակայն խաղաղաբար էին տրամադրված հայ ֆուտբոլասերների նկատմամբ: Իսկ ահա խաղից առաջ Երեւանի կենտրոնում կարելի էր հանդիպել հայ ֆուտբոլասերների խմբի, որը քաջալերում էր «Փյունիկին»:
«Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Զագրեբի «Դինամոյի» հետ խաղի ավարտից հետո նշեց, որ ոչ-ոքի հաշիվը տրամաբանական էր:
««Փյունիկը» դեռեւս երիտասարդ թիմ է: Մեր ֆուտբոլիստները չնայած հանդես են գալիս հանրապետության տարբեր հավաքականերում, սակայն չեմպիոնների լիգայի հանդիպումները բոլորովին այլ մակարդակի մրցավեճեր են: Երկրորդ խաղակեսն համեմատաբար լավ ստացվեց, ավելի ագրեսիվ էինք գործում առջեւի գծում: Երկու թիմերն էլ լավ պահեր ունեցան, սակայն, իմ կարծիքով, 0:0 հաշիվը տրամաբանական էր»,-ասաց նա:
Իսկ Զագրեբի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Կրունոսլավ Յուրչիչը «Փյունիկի» հետ հանդիպումից հետո ասաց, որ դժգոհ է հանդիպման արդյունքից:
«Շատ դժվար խաղ ստացվեց, որովհետեւ մեր ֆուտբոլիստների համար անսովոր շոգ եղանակ էր այսօր: Սա մեր առաջին պաշտոնական եւ լուրջ հանդիպումն էր նոր մրցաշրջանում, ուստի թիմի խաղում նկատվեցին որոշակի թերություներ: Մեզ չհաջողվեց օգտագործել գոլային մի քանի լավ պահերը: Կաշխատենք այդ բացն լրացնել երկրորդ հանդիպման ժամանակ, որը տեղի կունենա արդեն մեր խաղադաշտում»,-նշեց նա:
Նույն օրը կայացած մյուս հանդիպումներում գրանցվեցին հետեւյալ արդյունքները. «Մակեդոնիա» (Մակեդոնիա) - ԲԱՏԵ (Բելառուս)' 0:2
«Էկրանաս» (Լիտվա) - «Բաքու» (Ադրբեջան)' 2:2
«Ստրեյմուր» (Ֆարերյան կղզիներ) - ԱՊՕԵԼ (Կիպրոս)' 0:2