«Հատիս»-ը վերածնվում է
Աջակցիր «Ա1+»-ինԱնցած տարի աշնանը վերածնված «Հատիս» բասկետբոլի թիմը մասնակցելու է Կանանց Եվրոպայի գավաթի խաղարկությանը` որակավորման փուլին: Վիճակահանությունը կկայանա հուլիսի 21-ին Մյունխենում:
Վիճակահանությունից հետո մրցակից թիմին ընդունելու են Երեւանում, հետո այդ երկրում:
Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հատիս» բասկետբոլի ակումբի գործադիր տնօրեն Արթուր Նազարյանը:
Նրա խոսքերով`հաղթանակի դեպքում շատ բան կապված է մեր մրցակիցներից.« Շատ հավասարազոր թիմեր կան, եւ եթե մեր բախտը բերի, ապա ամեն ինչ լավ կլինի»:
Արթուր Նազարյանը կարեւորեց դահլիճների հարցը` նշելով, որ ոչ բոլորն են հարմար հանդիպումների համար: Այսօրվա դրությամբ կարող են խաղալ «Դինամո» մարզադահլիճում, Միկայում եւ Մարզահամերգային համալիրում, սակայն իրենց ավելի հարմար է «Դինամոյում»:
Հիշեցնենք, որ ԽՍՀՄ փլուզումից հետո «Հատիսը» երկար ժամանակ չի գործել, հետո 90- ական թվականների վերջին տղամարդկանց թիմը բացվել է: Սակայն ֆինանսական պատճառներով թիմը փակվել է: Հիմա բացվել են թե կանանց, թե տղամարդկանց, եւ թե պատանեկական թիմեր:
ԽՍՀՄ օրոք Աբովյանի «Հատիս» կանանց թիմը մեծ հաջողությամբ է հանդես եկել ԽՍՀՄ-ում անցկացվող խոշոր մրցաշարերում, իսկ 1988 թվականին նվաճել է ԽՍՀՄ-ի գավաթը: