Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չեմպիոնների լիգայի նոր անդամները

Սպորտ

ՈՒԵՖԱ-ի կանանց չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի հանդիպումները կսպասարկեն Քնարիկ Գրիգորյանն ու Հասմիկ Ղարիբյանը: Այդ մասին հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: C խմբի մրցաշարը տեղի կունենա հուլիսի 25-ից օգոստոսի 5-ը Դանիայում:

1:0 օգուտ «Բանանցի»

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում հայկական «Բանանցը» 1:0 հաշվով հաղթանակ տարավ բոսնիական «Շիրոկի Բրիեգի» նկատմամբ։ Երեւանյան թիմի կազմում 87-րդ րոպեին միակ գոլը խփեց Արսեն Բալաբեկյանը։

Այդուհանդերձ, «Բանանցը» հաջորդ փուլ դուրս չեկավ, քանի որ այս հաղթանակը բավարար չէր. մեկ շաբաթ առաջ սեփական հարկի տակ հայ ֆուտբոլիստները զիջել էին 0:2 հաշվով:

Աշտարակի «Միկան» եւս անցկացրեց Եվրոպայի լիգայի առաջին որակավորման փուլի պատասխան հանդիպումը: Վերջինս մրցելով Հելսինգբորգի հետ, կարողացավ միայն ոչ ոքի դուրս գալ' 1:1:
Հելսինգբորգի Ռենե Մակոնդելեն բացեց հաշիվը 68-րդ րոպեին, որիվ 15 րոպե անց Միկայի Էդնեյ դե Օլիվյրան հավասարեցրեց հաշիվը:

«Փյունիկը» առաջինն է

Արդեն հայտնի է, թե Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի երկու շրջանների արդյունքում մասնակից ակումբները "Fair Play" (արդար խաղի) դասակարգման աղյուսակում ինչ հորիզոնական են զբաղեցնում:
Օրինակ' առաջին հորիզոնականը զբաղեցնում է «Փյունիկը»' 8,21 միավորով: Նրան հաջորդում է «Միկան»' 7,96 միավորով: Երրորդ, չորրորդ, հինգերորդ եւ հաջորդաբար ավելի ցածր հորիզոնականները զբաղեցնում են համապատասխանաբար  «Ուլիսը», «Բանանցը», «Շիրակը», այնուհետեւ «Գանձասարը», «Կիլիկիան», «Արարատը»:

Խոստանում են փոխադարձաբար հաղթանակներ

«Ֆիլմում Քինգ Քոնգը մահացավ Նյու Յորքում, սակայն հուլիսի 11-ին նա ռինգում կկենդանանա: Դարչինյանին «Կատաղած ցուլ» են անվանում, բայց մարտից հետո նրան կկոչեն «Կատաղած թյուրիմացություն»»,- մամուլի ասուլիսի ժամանակ նման կերպ է արտահայտվել բռնցքամարտի երկրորդ թեթեւքաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանի վաղվա մենամարտի մրցակից, առաջին թեթեւքաշային կարգում IBF-ի վարկածով չեմպիոն Ջոզեֆ Ագբեկոն: Ապա ավելացրել է, թե այս մենամարտը իրեն հնարավորություն կտա աշխարհին ցույց տալ' որքան լավն է. «Շաբաթ երեկոյան Վիկի երկրպագուները զարմացած կլինեն: Բայց ես չեմ զարմանա, ինչպես չի զարմանա ինքը' Վիկը: Նա գիտի, որ հուլիսի 11-ին կպարտվի»:
Ի պատասխան այդ ամենի' հայազգի մարզիկը ասել է. «Ուզում եմ Դոն Քինգին շնորհակալություն հայտնել, որ նա ինձ հնարավորություն է տվել եւս մեկ չեմպիոնական գոտի նվաճել: Դոն, շաբաթ օրը դու կխղճաս քո բռնցքամարտիկին: Դու շատ դիտարժան մենամարտ կտեսնես: Ես միշտ ուզում եմ հաղթել նոկաուտով: Մրցավարների որոշմամբ հաղթանակները տխուր են, ուստի ես նրան նոկաուտի կենթարկեմ»:
Ապա ավելացրել է, թե Դոնը եւ երկրպագուները կլսեն իր հարվածների ձայնը եւ կխղճան Ագբեկոյին. «Ես միշտ իմ խոստումները կատարում եմ: Պարզապես կջախջախեմ նրան: Քո ընկերը' Անջես Աջախոն, ասել է, թե աֆրիկացի կանայք շատ են դուրս տալիս: Դե ինչ, այսօր դու դա ապացուցեցիր»: