Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարպովն ու Կասպարովը

Սպորտ

58-ամյա Անատոլի Կարպովը եւ 46-ամյա Գարրի Կասպարովը 25 տարի անց որոշել են կրկին աշխարհի չեմպիոնի կոչման համար խաղատախտակի առջեւ նստել: Վերջիններս սեպտեմբերի 21-24-ը կմրցեն Իսպանիայի Վալենսիա քաղաքի մարզապալատում:

Շախմատի աշխարհի 12-րդ եւ 13-րդ չեմպիոնները կանցկացնեն 12 պարտիա` արագ շախմատի 4 եւ կայծակնային 8 պարտիա: Կազմակերպիչները մրցամարտի մանրամասները գաղտնի են պահում:

Պակասեց ընդամենը մեկ միավոր


Գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը (ԱՄՆ) Ֆիլադելֆիայում 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ 3-7-րդ տեղերը բաժանեց Համաշխարհային օփենում:

Հակոբյանը միայն կես միավորով ետ մնաց հաղթողներից` գրոսմայստերներ Եվգենի Նայերից (Ռուսաստան) եւ Հիկարու Նակամուրայից (ԱՄՆ):

Մրցաշարին մասնակցում էին 98 շախմատիստ:

Փյունիկի նոր մրցակիցը

Ուկրաինական «Վորսկլայի» հարձակվող Դենիս Գլավինը կխաղա «Փյունիկ» դեմ: Վերջինս վարձավճարով տեղափոխվել է «Դինամո», որը Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլում կմրցի Երեւանի «Փյունիկի» հետ:

Հիշեցնենք, որ նախկինում «Դինամոյի» հետ պայմանագիր էր կնքել Հունաստանի հավաքականի խաղացող 27-ամյա Դիմիտրոս Պապանդոպուլոսը: «Դինամոն» առաջիկայում պատրաստվում է պայմանագիր կնքել այլ ֆուտբոլիստների հետ նույնպես։

Մովսիսյանը դանիական ֆուտբոլիստ


Հայազգի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը կխաղա դանիական «Ռանդերսում»: Հարձակվողը, ով ելույթ էր ունենում ամերիկյան ՄԼՍ-ի «Սոլթ Լեյք Սիթիի» ակումբում, «Ռանդերսի» հետ եռամյա պայմանագիր է կնքել։ Նոր ակումբում Մովսիսյանը կհայտնվի 2010 թվականին հունվարի 1-ից։

«Ռանդերսի» գլխավոր մարզիչ Ջոն Ֆեխեն Յուրա Մովիսյանին լավ խաղացող է համարում: Ըստ նրա` Յուրան հիանալի հնարավորություններ ունի լավ ֆուտբոլիստ դառնալու. «Նա կարող է դառնալ ոչ միայն «Ռանդերսի», այլեւ դանիական ֆուտբոլի առաջատար հարձակվողներից մեկը։ Հասուն ֆուտբոլիստ է, ով լավ է խաղում երկու ոտքերով էլ»:

Նշենք, որ դանիական «Ռանդերսում» ելույթ է ունենում նաեւ Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը: