Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հեծանվորդը ճանապարհին է

Սպորտ

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում հուլիսի 15-19-ը անցկացվելու է հրապարակային հեծանվավազքի Եվրոպայի երիտասարդների առաջնություն: Հայաստանը այնտեղ կներկայացնի հեծանվորդ Սուրեն Պետրոսյանը, ով այսօր իր մարզիչ Աշոտ Խաչատրյանի հետ միասին մեկնել է այնտեղ:

Ի դեպ, նրանք իրենց հետ տարել են երկու ժամանակակից հեծանիվ, որոնք այդ մարզաձեւի Հայաստանի ֆեդերացիան նոր է ստացել Հեծանվային սպորտի միջազգային ֆեդերացիայից:

Բռնցքամարտիկները տեղ են հասել

Իսկ Հայաստանի բռնցքամարտի ազգային հավաքականը մեկնել է Մախաչկալա՝ մասնակցելու միջազգային մրցաշարին։ Բացի 75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանից եւ 91 կգ քաշային Ցոլակ Անանիկյանից, թիմի կազմում են մեր բոլոր ուժեղագույնները` Հովհաննես Դանիելյանը (48 կգ), Ազատ Հովհաննիսյանը (57 կգ), Վլադիմիր Սարուխանյանը (60 կգ), Էդիկ Համբարձումյանը (64 կգ), Սամվել Մաթեւոսյանը (69 կգ), Արթուր Խաչատրյանը (71), Մյասնիկ Սարգսյանը (81 կգ)։

Սեպտեմբերի 1-ից 13-ը Միլանում կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ սա մեր հավաքականի ներկայացուցիչների համար կլինի վերջին փորձամրցումը։

Ի դեպ, նախատեսվում էր, որ Հակոբյանը պետք է մասնակցի հուլիսի 10-ին Հնդկաստանում մեկնարկելիք միջազգային մրցաշարին, սակայն այդ ստուգատեսը հետաձգվել է 10 օրով եւ հայ մարզիկը որոշել է չմեկնել Հնդկաստան։