Հացն էլ են ապառիկ առնում
Աջակցիր «Ա1+»-ինԼոռու մարզի Թումանյան քաղաքում ամենաառաջնահերթը աշխատատեղերի խնդիրն է:
Խորհրդային տարիներին Թումանյանի Հրակայուն նյութերի գործարանում աշխատում էր 700 մարդ, Տրիկոտաժի ֆաբրիկայում' 300: Անգամ թափուր աշխատատեղեր կային, որոնք զբաղեցնում էին հարևան գյուղերի բնակիչները:
«Այսօր, եթե իրար գումարենք,- ասում է Թումանյանի քաղաքապետ Լևոն Զավարյանը,- 100 մարդ էլ չի աշխատում' քաղաքապետարարնի աշխատողներն են, դպրոցը, մանկապարտեզը, մեկ էլ' գործարանը' մի 20 մարդ»:
90-ականներին գյուղը շուրջ 30 ընտանիք լքել է: Մեծ է նաև սեզոնային արտագնա աշխատանքի մեկնողների թիվը:
Թումանյանցիները մտահոգված են. « Պապ, տատ, աներ, զոքանչ ենք դառնում' հեռախոսազանգերով, կասետներով: Ոչ մեկիս երեխեն տեղում չի: Ամբողջ կյանքում տուն ենք դրել, հիմա մի կտոր հացի խաթր դռներն ենք ընկել»:
Առևտուրը հիմնականում ապառիկ է. բնակիչները կանխիկ դրամ չունեն. «Լրիվ նիսյա ենք' գրովի, նաղդով ոչ մեկը չի կարում առևտուր անի»:
Հողագործությամբ զբաղվել էլ չեն կարող. քաղաքը հողատարածքներ չունի: Ավանի բնակիչներն իրենց խնդրի միակ լուծումը տեսնում են միայն Հրակայուն նյութերի գործարանի վերագործարկման մեջ: