Պատանիներին զրկել են ֆուտբոլից
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի պատանեկան ֆուտբոլային թիմերը վերջին շրջանում չեն մասնակցում Հայաստանի տարբեր տարիքային առաջնությունների:
«Արարատի» 1997 թվականի ծնված պատանիների թիմը արդեն 2 հանդիպման չի ներկայացել եւ ՀՖՖ կարգապահական կոմիտեի որոշմամբ հեռացվել է Հայաստանի 1997 թ. ծնվածների առաջնությունից, իսկ ակումբը տուգանվել է 50 հազար դրամով: Նախատեսված հանդիպմանը չի ներկայացել նաեւ «Արարատի» 1996 թ. ծնվածների թիմը, որը եւս մեկ անգամ չներկայանալու դեպքում եւս կհեռացվի:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մանկապատանեկան բաժանմունքի ղեկավար Բաբկեն Ղալոյանը «Ա1+»-ին հայտնեց, որ ակումբն որեւէ պատճառաբանություն չի ներկայացրել ֆեդերացիա, թե ինչու պատանեկան թիմերը չեն ներկայացել առաջնության հանդիպումներին: Ղալոյանը նշեց, որ դա ակումբի ներքին խնդիրներն են, իսկ ֆեդերացիան միայն պարտավոր է պահպանել կանոնադրության կետերը:
Իսկ «Արարատին» մոտ կանգնած աղբյուրների հավաստմամբ` ակումբի փոխնախագահ, գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանն աշխատանքից ազատել է մարզիչների, որոնք աշխատում էին պատանեկան թիմերում: Բացի այդ չեն ստեղծվել պայմաններ պատանիների տեղափոխումը կազմակերպելու համար:
Այս տեղեկությունը փորձեցինք ճշտել «Արարատ» ակումբից, սակայն ակումբի հեռախոսահամարը մի քանի օր է չի պատասխանում, իսկ աշխատակիցների մեծ մասը օրերս հեռացվել են աշխատանքից: Ի վերջո, կապնվեցինք նախկին աշխատակիցների մեկի հետ, որը խնդրեց չհրապարակել իր անունը: Աշխատակիցը նշեց, որ ակումբում քաոսային իրավիճակ է, եւ բոլոր տեղեկությունները համապատասխանում են իրականությանը: Պատանեկան թիմերի հետ կապված տեղեկությունը նախկին աշխատակիցները հաղորդել են ակումբի սեփականատերերին, որոնք գտնվում են արտասահմանում եւ նշել են, որ եթե պատանիները չմասնակցեն առաջնություններին, ապա «Արարատը» լուրջ խնդիրներ է ունենալու ապագայում:
Ավելացնենք, որ ՀՖՖ կանոնադրության համաձայն` բարձրագույն խմբի ակումբները պարտավոր են ունենալ մանկապատանեկան թիմեր եւ մասնակցել պատանեկան առաջնություններին: