Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նիվայի» փոխարեն գումար

Սպորտ

ՀՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը 2 օր առաջ պարգեւատրում էր մեդալներ նվաճած ծանրամարտիկներին, իսկ այսօր նույնը կատարեց արդեն ըմբշամարտի ներկայացուցչների հետ: Եթե Եվրոպայի ծանրամարտի չեմպիոն Առաքել Միրզոյանը արժանացել էր «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի, ապա ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը մեքենայի փոխարեն ստացավ դրամական խոշոր պարգեւ:

«Մարզիկի համար շատ կարեւոր է, որ իր ցույց տված արդյունքները անուշադրության չեն մատնվում: Բարձր կարգ ունեցող մարզիկների համար ամենակարեւորը մոռացության չմատնվել է»,-նշեց Արսեն Ջուլֆալակյանը, որը օլիմպիական խաղերի նախկին չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանի որդին է: Ավագ Ջուլֆալակյանը եւս ստացավ դրամական պարգեւ, քանի որ հենց նրա գլխավոր Հայաստանի հունա-հռոմեական հավաքականի կազմում է ելույթ ունեցել որդին:

Գագիկ Ծառուկյանը հույս հայտնեց, որ հոր հետքերով գնացող Արսեն Ջուլֆալակյանը ժամանակի ընթացքում կարդարացնի սպասելիքները. «Ես վստահ եմ, որ Արսենը օլիմպիական խաղերում ոչ միայն 1, այլեւ 2-3 անգամ է դառնալու չեմպիոն»:

Դրամական պարգեւների արժանացան նաեւ Եվրոպայի 2009 թ. առաջնությունում բրոնզե մեդալների արժանացած ազատ ոճայիններ Ժիրայր Հովհաննիսյանը եւ Էդգար Ենոքյանը, նրանց անձնական մարզիչները, հավաքականի գլխավոր մարզիչը եւ բժիշկը: Պարգեւատրվեցին նաեւ թաեքվանդոյի ներկայացուցիչներ:

ՀՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը ներկաներին տեղեկացրեց նաեւ, որ Հայաստանը այսուհետեւ ընդունելու է միջազգային խոշոր մրցաշարեր. «Մենք ներկայացրել ենք բոլոր անհրաժեշտ հայտերը մի քանի մարզաձեւերից եւ ամեն տարի Հայաստանում կայանալու են 2-3 խոշոր միջազգային մրցաշարեր: 2010 թվականին Երեւանում կկայանա ըմբշամարտի միջազգային խոշոր մրցաշար»:

Ծառուկյանը նշեց, որ Հայաստանում խոշոր մրցաշարեր կազմակերպելուն նպաստել է վերջերս Երեւանում կայացած բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնության անցկացումը. «42 երկիր մասնակցեց աշխարհի առաջնությանը: Մասնակիցները տեսան մեր հյուրընկալությունը: Արդեն պայմանավորվածություն կա, որ 2010 թ. Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունն է անցկացվելու Հայաստանում եւ 2013 թ. աշխարհի առաջնությունը»: