Երբ որ դառնա օլիմպիական մարզաձեւ
Աջակցիր «Ա1+»-ինՖրանսիական բռնցքամարտի Հայաստանի հավաքականը լրջորեն է նախապատրաստվել հունիսի 18-20-ը Բելգրադում կայանալիք աշխարհի առաջնության որակավորման փուլին: Հայաստանի ֆրանսիական բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Ռամազյանը այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց, որ հայ մարզիկները մրցավայր են մեկնելու մրցանակային տեղ գրավելու նպատակով:
Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված են 4 մարզիկներ, որոնցից 3-ը ելույթ են ունենալու մեծահասակների պայքարում, իսկ եւս 1-ը` երիտասարդների:
«Հավաքականը գլխավոր մարզիչ Վոլոդյա Խառատյանի գլխավորությամբ շուրջ 6 ամիս նախապատրաստվել է աշխարհի առաջնությանը, որին մասնակցելու են 26 երկրների ներկայացուցիչներ: Անցկացվել են նաեւ հավաքներ Ջերմուկում եւ Ծաղկաձորում»,-ասաց Ռոբերտ Ռամազյանը:
Հայաստանում այս մարտարվեստը կարճ պատմություն ունի: Այն մեր հանրապետությունում հիմնադրվել է 2000 թվականից` Ռոբերտ Ռամազյանի կողմից, իսկ այսօր ֆրանսիական բռնցքամարտով Հայաստանում զբաղվում են արդեն 500 մարզիկներ:
Ռոբերտ Ռամազյանը ընդգծեց, որ ֆրանսիական բռնցքամարտը շատ արգելքների առջեւ է կանգնում, քանի որ օլիմպիական մարզաձեւ չէ եւ համապատասխան ուշադրության չի արժանանում. «Հույս ունենք, որ 2016 թվականից ֆրանսիական բռնցքամարտը կդառնա օլիմպիական մարզաձեւ: Միջազգային ֆեդերացիան այս կապացությամբ բանակցություններ է վարում եւ հավանականություն կա, որ դա տեղի կունենա»:
Նախորդ տարի ֆեդերացիան ծրագրել էր 2009 թ. սեպտեմբերին Երեւանում անցկացնել ԱՊՀ-ի գավաթի խաղարկություն, սակայն դրա իրականացումը առայժմ հնարավոր չէ:
«ԱՊՀ-ում ֆրանսաիական բռցնքամարտի ֆեդերացիաներ ունեն միայն Ուկրաինան, Ռուսաստանը եւ Հայաստանը: Առայժմ միայն Ռուսաստանում են անցկացվում պաշտոնական միջազգային մրցումներ, իսկ ահա Հայաստանը նման իրավունք առայժմ չունի: Դրա համար անհրաժեշտ է, որ Հայաստանի ֆեդերացիան ներկայացուցիչ ունեն միջազգային ֆեդերացիայի կազմկոմիտեի կազմում»:
Նշվեց նաեւ, որ միջազգային ֆեդերացիա անդամագրվելու ակտիվ բանակցություններ են վարում Վրաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները, որից հետո հնարավոր կլինի անցկացնել Անդրկովկասի գավաթի խաղարկություն: