Օրացույց. Հունիսի 11
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր ծնվել են
1969-Սերգեյ Յուրան (ռուս ֆուտբոլիստ, մարզիչ)
Ազգությամբ ուկրաինացի հարձակվողը կարիերան սկսել է Լուգանսկի «Զարյայում»: Պատանեկան տարիքում Յուրանը ծանր վնասվածք ստացավ եւ մոտ էր ֆուտբոլը թողնելուն, սակայն բժիշկների միջամտությունից հետո Սերգեյը կարողացավ վերադառնալ շարք եւ դարձավ բավական ճանաչված ֆուտբոլիստ: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հեռացավ Կիեւի «Դինամոյից» եւ կարիերան շարունակեց պորտուգալական «Բենֆիկայում»:
1992 թվականին ընդունեց Ռուսաստանի քաղաքացիություն եւ սկսեց հանդես գալ Ռուսաստանի հավաքականում, որի կազմում անցկացրեց 25 խաղ եւ խփեց 5 գնդակ: Յուրանը հայտնի է նաեւ իր սկանդալային բնավորությամբ, ինչը թույլ չտվեց այս ֆուտբոլիստին հասնել ավելի մեծ հաջողությունների: Վերջին տարիներին աշխատում է որպես մարզիչ: Ներկայումս գլխավորում է Աստանայի «Լոկոմոտիվը»:
1973-Խոսե Մանուել Աբունդիս (մեքսիկացի ֆուտբոլիստ)
1990-ականներին Աբունդիսը Մեքսիկայում ճանաչված ֆուտբոլիստներից մեկն էր, իսկ այժմ մոտ է կարիերան ավարտելուն: Հանդես է եկել մի շարք մեքսիկական թիմերում, սակայն առավել հայտնի է «Տոլուկայում» ունեցած ելույթներով: Մեքսիկայի հավաքականում անցկացրել է 45 խաղ եւ խփել 9 գնդակ:
1981-Էմիլիանո Մորետի (իտալացի ֆուտբոլիստ)
Իտալացի ֆուտբոլիստը 2004 թվականից հանդես է գալիս իսպանական «Վալենսիայում», իսկ նախքան այդ ելույթ է ունեցել մի շարք իտալական թիմերում այդ թվում «Յուվենթուսում» եւ «Ֆիորենտինայում»: Իտալիայի օլիմպիական հավաքականի կազմում դարձել է 2004 թ. Աթենքի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր:
1982-Ջոյ Գրահամ (ամերիկացի բասկետբոլիստ)
2005 թվականից Ջոյը ելույթ է ունենում «Տորոնտոյում»: Հանդիսանում է հեղիանակավոր ակումբի առանցքային խաղացողներից մեկը:
1982-Սթիվ Գրահամ (ամերիկացի բասկետբոլիստ)
Ջոյի երկվորյակ եղբայրը' Սթիվը, եւս հայտնի բասկետբոլիստ է ԱՄՆ-ում, իսկ ներկայումս հանդես է գալիս «Ինդիանայում»: Ի տարբերություն եղբոր Սթիվը ավելի համեստ դեր է խաղում իր թիմում:
1984-Վագներ Լավ (բրազիլացի ֆուտբոլիստ)
Բրազիլացի հարձակվողը վերջին տարիներին ելույթ է ունենում Մոսկվայի ԲԿՄԱ-ում, որի կազմում դարձել է Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, ՈՒԵՖԱ-ի գավաթակիր: Բրազիլիայի հավաքականի կազմում անցկացրել է 20 խաղ եւ խփել 4 գնդակ: