Սպասում են
Աջակցիր «Ա1+»-ինՀունիսի 12-ին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը կներկայացնի 69 կգ քաշային Առաքել Միրզոյանը: Եվրոպայի 2009 թ. չեմպիոնը Հայաստանի միակ ներկայացուցիչն է առաջիկա առաջնությունում:
«Առաջիկա առաջնությանը պատրաստվել եմ հորս գլխավորությամբ: Հայրս է իմ անձնական մարզիչը: Հավաք չենք անցկացրել, այլ մարզվել ենք մեր բնակավայրում գտնվող մեր մարզադահլիճում: Հույս ունենք, որ աշխարհի երիտասարդների առաջնությունում ոսկե մեդալ եմ նվաճելու»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց Առաքել Միրզոյանը:
Թեեւ նա վստահ է իր ուժերին, սակայն ոչ մի դեպքում չի պատրաստվում նախօրոք տոնել հաղթանակը. «Սպորտում չի կարելի կանխատեսել ստույգ արդյունք, քանի որ այն անկանխատեսելի է: Հույս ունեմ, որ հաջող հանդես կգամ, սակայն ոչ ոք չի կարող ասել թե ինչպես կստացվեն մոտեցումները»:
Օլիմպիական խաղերի նախկին չեմպիոն Օգսեն Միրզոյանի որդին այս տարի արդեն հաղթել է Եվրոպայի մեծահասակների առաջնությունում: Բուխարեստում պայքարի մեջ են մտնելու միայն երիտասարդները, սակայն ըստ Առաքելի' դա չի հեշտացնում գործը. «Բոլոր ուժեղ երկրները' այդ թվում Չինաստանը եւ Իրանը, մասնակիցներ ունեն աշխարհի առաջնությունում, ինչը նշանակում է, որ մեդալների համար թեժ մրցակցություն է ծավալվելու: Անկախ նրանից ովքեր են մրցակիցները, պետք է փորձեմ իմ արդյունքը ցույց տալ»:
Աշխարհի երիտասարդական առաջնությանը Առաքելը լրջորեն է նախապատրաստվել, սակայն չի թաքցնում, որ տարվա գլխավոր իրադարձությունը առջեւում է. «Ինձ համար ամենակարեւոր մրցաշարը աշնանը կայանալիք աշխարհի մեծահասակների առաջնությունն է, որին պետք է ներկայանամ լավագույն մարզավիճակով: Բայց դա ամենեւին չի նշանակում, թե Բուխարեստում հաղթանակը կարեւոր չէ ինձ համար»:
Ի դեպ, Բուխարեստը արդեն բավական ծանոթ քաղաք է Առաքել Միրզոյանի համար: Այստեղ հայ ծանրորդը ապրիլին դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ տեղի հայերն էլ ակտիվորեն աջակցում են հայ մարզիկներին: «Արդեն լավ ծանոթ եմ մրցավայրին եւ հատկապես այն մարզահամալիրին, որտեղ կայանալու է առաջնությունը: Բուխարեստը հաջողակ քաղաք է ինձ համար: Բացի այդ Ռումինիայում ապրող մեր հայրենակիցները սպասում են ինձ եւ պատրաստ են կրկին աջակցել: Նրանց հետ կապի մեջ ենք վերջին շրջանում»,-եզրափակեց Առաքել Միրզոյանը: