Ովքե՞ր են գնում «Gold» համարանիշներ
Աջակցիր «Ա1+»-ինԱվտոմեքենաների այսպես կոչված «Gold» համարանիշների նկատմամբ մեր հասարակության մի հատվածի գայթակղությունները կառավարությունը որոշել է կարգավորել օրենքով:
Ամենաթանկ պետհամարանիշների' «Gold» համարանիշներ ձեռք բերման կարգի վերաբերյալ կառավարությունը փոփոխություններ է ներկայացրել «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքում: Փոխոստիկանապետ Հովհաննես Հունանյանն այսօր չկարողացավ պատասխանել համարանիշների աճուրդին վերաբերող Աժ պատգամավորների բոլոր հարցերին' խոստանալով այդ հարցերն ուսումնասիրել մինչեւ երկրորդ քննարկում:
Ներկայացված նախագծի համաձայն'համարանիշների աճուրդին մասնակցելու մեկնարկային գինը' 6 հազար դրամ է, իսկ ամենաթանկը' 60 հազար դրամ: «Շատ դեպքերում համարանիշների աճուրդը հասնում է 10-յակ հազարների» ,- այսօր Աժ-ում փոփոխությունների նախագիծը ներկայացնելիս' ասաց փոխոստիկանապետ Հովհաննես Հունանյանը:
Պատգամավորներին հետաքրքրում էր, թե մինչ օրս որքա՞ն գումար է այդ աճուրդներից գոյացել: Ըստ փոխոստիկանապետի'2 տասնյակից ավել դեպքեր է եղել, երբ պետհամարանիշների գները հասել են մի քանի 10-յակ հազարի եւ Պետավտոտեսչությունը 70 միլիոն դրամ ունի արտաբյուջետային հաշվին:
Ըստ նախագծի, եթե «Gold» համարանիշ ձեռք բերած քաղաքացին մահանում է, ապա այդ համարանիշը վերադարձվում է պետությանը: Պատգամավոր Արծվիկ Մինասյանի կարծիքով, պետհամարանիշ ձեռք բերած քաղաքացու մահվան դեպքում այն պետք է ոչ թե պետությանը վերադարձվի, այլ' նրա ժառանգորդներին:
Աժ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, որը հավանություն է տվել նախագծին, դեմ էր, որ քաղաքացու մահվանից հետո համարանիշը փոխանցվի ժառանգներին. «Դրանք պետհամարանիշներ են եւ պետությանն են պատկանում»:
ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը Աժ-ին, ինչպես նաեւ փոխոստիկանապետին խորհուրդ տվեց այս փոփոխությանը չմոտենալ խելագարության կանխավարկածով.«Ես չեմ կարծում, որ բոլոր համարանիշներ գնողները խելացնոր են»: Ստեփան Սաֆարյանի կարծիքով' օրենքով պետք է բացառել աճուրդում արհեստական համարանիշների գների բարձրացումը եւ հստակեցնել' պետհամարանիշ ձեռք բերելով այն մնում է պետության սեփականությունը եւ քաղաքացուն միայն այն օգտագործելու իրավունք է տրվում, թե՞ ոչ:
Սա ԱԺ-ում մինչեւ օրվա կեսը այսօր միակ ակտիվ քննարկումն էր: Մինչ այս փոփոխության քննարկումը ԱԺ-ն աննախադեպ արագությամբ հասցրեց մի քանի րոպեների ընթացքում ավարտել մի շարք օրենսդրական նախաձեռնությունների քննարկումը' առանց զեկուցողներին հարցեր ուղղելու կամ ելույթների: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի երեկ ներկայացրած ՀՀ ԱԺ աշխատակազմում պետական ծառայության մասին եւ «Քաղաքացիական ծառայության» մասին օրենքում փոփոխության երրորդ քննարկումն այսօր ավարտվեց: Աժ-ն նաեւ փոփոխություն կատարեց «ՀՀ-ի ու Բուլղարիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին» 1995թ Սոֆիայում ստորագրված համաձայնագրում' երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերություններն ավելի զարգացնելու համար: