«Ծանր պահին մեր կողքին էին»
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի «Բանանցի» 18-ամյա պաշտպան Գագիկ Ղաղբաշյանը Հայաստան-Թուրքիա խաղում մեկնարկային կազմում էր, սակայն 2-րդ կեսին հետեւեց տրիբունաների մերձակայքից: 48-րդ րոպեին երիտասարդ ֆուտբոլիստը կարմիր քարտի արժանացավ վերջին հույսի խաղի կանոների խախտման համար:
«Շատ եմ ափսոսում, որ կարմիր քարտ ստացա եւ ժամանակից շուտ լքեցի խաղադաշտը: Խաղալու մեծ ցանկություն ունեի, բայց չստացվեց մինչեւ վերջ մասնակցել հանդիպմանը: Թուրքիայի երիտասարդական հավաքականը շատ ուժեղ հարձակման գիծ ուներ եւ ընդհանրապես մրցակիցը շատ ուժեղ էր»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց Գագիկ Դաղբաշյանը:
Նախորդ մրցաշրջանում Դաղբաշյանը հիմնականում հանդես էր գալիս ձախ պաշտպանի դիրքում, իսկ երիտասարդական հավաքականի վերջին խաղերում ելույթ է ունենում պաշտպանության կենտրոնում: Ֆուտբոլիստը դրանում արտառոց ոչինչ չի տեսնում. «Եղել են խաղեր, որոնցում ես կրկին հանդես եմ եկել պաշտպանության կենտրոնում: Ինձ համար մեծ հաշվով տարբերության չկա, թե որտեղ հանդես կգամ' կենտրոնում, թե' եզրում»:
Երիտասարդական հավաքականի պաշտպանը գտնում է, որ խաղը կարող էր այլ ընթացք ունենալ, եթե Հայաստանը առաջին բաց թողած գոլից հետո հավասարեցներ հաշիվը. «Բավական արագ գոլ ընդունեցինք, բայց դրանից հետո կարող էինք մի քանի անգամ հավասարեցնել հաշիվը: Ցավոք մարզական բախտը մեր կողմը չէր: Շատ դեպքերում շտապում էին եւ թիմային խաղը չէր ստացվում»:
Այնուամենայնիվ, վերջնամասում Հայաստանը սկսեց մեծ ուժերով գրոհել եւ տիրում էր նախաձեռնությանը, որի արդյունքում հաշիվը կրճատվեց: «Տղաները 2-րդ կեսում հավատացին, որ կարող են Թուրքիայի դեմ լավ խաղալ: Դրան նպաստեցին փոխարինման մտած ֆուտբոլիստները, որոնք բավական ակտիվացրին խաղը»,-նշեց Գագիկ Դաղբաշյանը:
«Բանանցի» խաղացողը նաեւ իր գոհունակությունը հայտնեց հանդիպմանը ներկա ֆուտբոլասերներից. «Հիացած եմ հայ ֆուտբոլասերների պահվածքով: Նրանք մինչեւ վերջ մեր կողքին էին եւ ամեն կերպ աջակցում էին: Շատ ուրախ եմ, որ ծանր պահին նրանք մեզ աջակցում էին եւ միայն հպարտանալ կարելի է նման հանդիսատեսով»: