Մեդավոր են պաշտպանները
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանը 2:5 հաշվով պարտվեց Թուրքիային, քանի որ պաշտպանությունում չունի բարձրակարգ ֆուտբոլիստներ: Նման կարծիք հայտնեց ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլեւը:
«Հավաքականի դարպասապահից եւ 4 պաշտպաններից միայն մեկն է, որը իր թիմում հանդես է գալիս հիմնական կազմում, դա Կարեն Խաչատրյանն է: Մնացածը ոչ միշտ են ելույթ ունենում հայկական թիմերում, իսկ Հայաստանի առաջնությունը, ինչպես հայտնի է, ուժեղագույններից չէ»,-նշեց Սերիցլեւը:
Այն հարցին, թե արդյոք դարպասապահի' Էդվարդ Հովհաննիսյանի հարցում ճի՞շտ ընտրություն էր կատարել, Սերիցլեւը պատասխանեց. «Թե ես, թե Էդվարդը գտնում էինք, որ նա պատրաստ է այս խաղին: Ես գտնում եմ, որ բաց թողած գոլերում նրա մեղքը բավական քիչ է: Պետք է ուշադիր խաղայինք պաշտպանությունում»:
Հայաստանի երիտասարդական հավաքականում առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ Հրաչ Յագանը: Բելգիական «Ստանդարդում» ելույթ ունեցող ֆուտբոլիստի փաստաթղթերի խնդիրը վերջին պահին լուծվեց: Չնայած Յագանը չփայլեց եւ փոխարինվեց 60-րդ րոպեին, սակայն մարզիչը գոհ էր նրա խաղից. «Աջ կիսապաշտպանի դիրքը անսովոր էր Յագանին: Նա լավ խաղացող է եւ այն եզակի ֆուտբոլիստներից էր, որ չէր մասնակցել Շվեյցարիայի հետ նախորդ շաբաթ կայացած խաղին եւ ավելի թարմ էր»:
Յագանին փոխարինած Դավիթ Մանոյանը ավելի հաջող խաղաց եւ ըստ մարզչի' երիտասարդ ֆուտբոլիստը ավելի շուտ պետք է դուրս գար խաղադաշտ. «Կարող եք ինձ մեղադրել, որ Մանոյանի փոխարինումը ուշացումով կատարվեց: Եթե ետ նայենք, ապա Դավիթը զգալիորեն աշխուժացրեց խաղը»:
Դանիացի մասնագետը խիստ ընկճված էր խոշոր հաշվով պարտությունից, սակայն միայն քննադատությամբ չսահմանափակվեց. «Ամբողջ մարզչական կազմն ու բոլոր ֆուտբոլիստները ցավում են եւ ափսոսում խաղի այսպիսի ելքի համար: Սակայն ես պետք է նաև լավ խոսքեր ասեմ տղաների հասցեին, ովքեր չընկճվեցին 0:4 հաշվի ժամանակ, չհանձնվեցին եւ շարունակեցին պայքարել»: