Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արարատը» առանց տնօրենի

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Արարատի» գործադիր տնօրեն Սիմոն Նաիրյանը ազատվել է պաշտոնից: Այս տեղեկությունը հաստատեցին նաեւ «Արարատ» ակումբում: Առայժմ «Արարատը» նոր գործադիր տնօրեն չունի եւ ամենայն հավանականությամբ` չի ունենա:

«Արարատում» 2008 թ. առաջնության ավարտից հետո փոփոխությունները շարունակական բնույթ են կրում, իսկ թիմը 0 միավորով եզրափակում է Հայաստանի ընթացիկ առաջնության մրցաշարային աղյուսակը: Առաջնությունը երեւանյան ակումբը սկսեց Աշոտ Կիրակոսյանի գլխավորությամբ, սակայն անհաջող մեկնարկից հետո մարզիչը պաշտոնանկ արվեց:

Կիրակոսյանի փոխարեն գլխավոր մարզչի պարտականությունները ստանձնեց Արկադի Անդրեասյանը, որը նաեւ հանդիսանում է «Արարատի» փոխտնօրենը: Անդրեասյանը ոչ պաշտոնապես այժմ արդեն նաեւ ակումբի գործադիր տնօրենն է:

Ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ «Արարատը» կադրային լուրջ կորուստներ ունեցավ: Մի կազմից հեռացան մի շարք առաջատար ֆուտբոլիստներ: Այժմ ակումբը փորձում է համալրվել: Արտասահմանից հրավիրվել են մի քանի լեգեոներներ, որոնք առաջիկայում փորձաշրջան կանցնեն Արկադի Անդրեասյանի մոտ: Հավանական է, որ «Արարատում» ելույթ կունենա Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոմիկ Խաչատրյանը, երիտասարդական հավաքականի նախկին հարձակվող Ալեքսանդր Պետրոսյանը:

Այս ֆուտբոլիստները ապրիլին հեռացել էին «Գանձասարից» եւ ստացել ազատ խաղացողի կարգավիճակ: