Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չեմպիոնը «Նիվա» ստացավ

Սպորտ

Ապրիլին ծանրամարտի Եվրոպայի չեմպիոնի դարձած Առաքել Միրզոյանը (69 կգ) այսօր ՀՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից ստացավ «Նիվա» մակնիշի ավտոմեքենա:

Գագիկ Ծառուկյանը հայտնեց, որ պարգեւատրման արարողությունը հետաձգվել էր քաղաքապետի ընտրությունների պատճառով, քանի որ նախընտրական շրջանում կարող էին ավելորդ խոսակցություններ ծավալվել: ԲՀԿ-ի առաջնորդը պարգեւատրեց նաեւ վերջին շրջանում հաջողություններ ունեցած մյուս ծանրորդներին:

Մասնավորապես Եվրոպայի փոխչեմպիոններ Նազիկ Ավդալյանը եւ Հռիփսիմե Խուրշուդյանը, նրանց անձնական մարզիչները, հավաքականի գլխավոր մարզիչը, ստացան դրամական պարգեւներ: Դրամական պարգեւի արժանացավ նաեւ Առաքել Միրզոյանի հայրը եւ նրա անձնական մարզիչ Օգսեն Միրզոյանը: Օլիմպիական խաղերի նախկին չեմպիոն Օգսեն Միրզոյանը հանդես եկավ ելույթով` խոստանալով ամեն ինչ անել` ավելի մեծ հաջողությունների հասնելու համար:

Գագիկ Ծառուկյանը իր ելույթում խոսեց ծանրամարտի առկա առաջընթացի մասին: «Օր-օրի նկատելի է առաջընթացը ծանրամարտում: Աստիճանաբար կորցրածը ետ ենք բերում: Այսօր հոր հետքերով է գնում Առաքել Միրզոյանը: Ինչպես ասում են պտուղը ծառից հեռու չի ընկնում»,-նշեց Գագիկ Ծառուկյանը` ավելացնելով որ մեծ սպասելիքներ ունի Միրզոյանից: Վերջինս շուտով մասնակցելու է աշխարհի երիտասարդական առաջնությանը եւ հաջողության դեպքում Ծառուկյանը խոստացավ դիմավորել հենց օդանավակայանում:

Գագիկ Ծառուկյանը նկատեց, որ ժամանակին մեծ արդյունքների կարող էր հասնել գերծանր քաշային ծանրորդ Աշոտ Դանիելյանը. «Եթե ժամանակին Աշոտ Դանիելյանի նկատմամբ ուշադիր լինեին, ապա նա կարող էր դառնալ աշխարհի ուժեղագույն մարզիկը»:

Հայաստանը արդեն 7 տարի է որեւէ օլիմպիական մարզաձեւով աշխարհի չեմպիոն չի ունեցել: Այս ավանդույթը խախտելու համար Գագիկ Ծառուկյանը առաջադրանք է դրել հենակետային մարզաձեւերի ներկայացուցիչների առջեւ ոսկե մեդալ նվաճել այս տարի կայանալիք աշխարհի առաջնություններում:

«Բոլոր աշխատանքները կատարել ենք: Արդեն 4 տարի է բոլոր պայմանները դպրոցներում ստեղծված ենք եւ սպասում ենք արդյունքի: Այսօր մեր հիմնական թերությունը մարզիչների խնդիրն է: Մոտ օրերս Կորեայից 2 բարձրակարգ ձյուդոյի մարզիչներ կգան պայմանագրով աշխատելու: Որոշ մարզաձեւերում ես հնարավոր է արտասահմանից հրավիրվեն մարզիչներ»-եզրափակեց Գագիկ Ծառուկյանը: