Հեռանկարային ֆուտբոլիստ էր
Աջակցիր «Ա1+»-ինԵրեկ Հաղթանակի կամրջից նետված 18-ամյա Սարգիս Արոյանը համարվում էր հայկական ֆուտբոլի ամենահեռանկարային ֆուտբոլիստներից մեկը: Արոյանը արդեն 6 ամիս զինծառայության մեջ էր, ինչի պատճառով էլ վերջին ամիսներին չէր խաղում ֆուտբոլ:
Երեւանի «Փյունիկի» 2-րդ թիմի կազմում Սարգիսը բավական արդյունավետ խաղ էր ցուցադրել Հայաստանի առաջին խմբի 2007 եւ 2008 թթ. առաջնությունում: Արոնյանը արդյունավետ խաղով էր աչքի ընկել նաեւ Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականի կազմում:
2006 թ. հոկտեմբերին Երեւանում կայացած ընտրական մրցաշարում Սարգիս Արոյանը միանգամից 3 գնդակ խփեց Բուլղարիայի պատանեկան հավաքականի դարպասը, իսկ Հայաստանը հաղթեց 4:2 հաշվով: Այս խաղից հետո Արոյանը ճանաչում ձեռք բերեց հայ ֆուտբոլասերների շրջանում: Հետագայում ֆուտբոլիստը դարձավ Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականի խաղացող եւ մասնակցեց 2008 թ. հոկտեմբերին կայացած ընտրական մրցաշարին:
«Փյունիկ» ակումբում հայտնեցին, որ խորապես վշտացած են տեղի ունեցածից եւ ցավակացում են Սարգիս Արոյանի ընտանիքի անդամներին:
Ի դեպ, Արոյանի խաղընկերներից շատերը այսօր Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում երեկոյան մրցելու են Թուրքիայի հետ: Հավանական է, որ խաղից առաջ «Հանրապետական» մարզադաշտում 1 րոպե լռությամբ կհարգեն ֆուտբոլիստի հիշատակը: