Թուրքիայի գերմանական հավաքականը
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը այսօր երեկոյան մրցելու է Թուրքիայի երիտասարդականի հետ: Թուրք երիտասարդների հետ Հայաստանը 2 անգամ մրցել է նաեւ 2008 թ. ընթացքում, սակայն Հայաստանի մրցակցի կազմում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել:
Պատմություն
Թուրքիան երիտասարդական հավաքականների մակարդակով հանդիպումների մեծ փորձ ունի: Հարեւան երկրի երիտասարդական հավաքականը ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո 126 հանդիպում է անցկացրել, որոնցից 55-ում հաղթել է, 39-ում` պարտվել, իսկ մնացած 32 հանդիպումները ավարտվել ոչ-ոքի: Գնդակների տարբերությունն է` 171-150: Վերջին 5 արտագնա հանդիպումներից 2-ում թուրքերը պարտվել են, 2-ում` հաղթել, իսկ 1 հանդիպում ավարտել ոչ-ոքի:
Կազմ
Թուրքերը մեծ ուշադրություն են դարձնում իրենց սփյուռքին եւ պատահական չէ, որ երիտասարդական հավաքականում կան խաղացողներ, ովքեր ծնվել են եվրոպական որեւէ երկրում, սակայն հանդես են գալիս Թուրքիայի դրոշի ներքո: Օրինակ, Գերմանիայում ծնված Դենիզ Յիլմազը հանդիսանում է Մյունխենի «Բավարիայի» մարզադպրոցի սան եւ ներկայումս ընդգրկված է հեղինակավոր ակումբի կազմում: Ընդհանրապես Թուրքիայի կազմում քիչ չեն գերմանական ակումբներում հանդես եկող ֆուտբոլիստները. Թունայ Աջար («Վեհեն»), Ֆերհաթ Բիկմազ («Հաննովեր-96»), Սերդար Կեսիմալ («Քյոլն»), Հասան Ալի Կալդիրիմ («Կայզերսլաուտերն»), Օմեր Հասան Շիշմանօղլու («Սանկտ Պաուլի»): Մնացած ֆուտբոլիստները հիմնականում ներկայացնում են թուրքական ակումբները:
Մարզիչը
Թուրքիայի երիտասարդական հավաքականը մարզում է նախկինում հայտնի ֆուտբոլիստ Համի Մանդիլարին: Վերջինս որպես ֆուտբոլիստ կարիերայի մեծ մասը անցկացրել է «Տրաբզոնսպորում»: Մեկ մրցաշրջան էլ Մանդիլարին ելույթ է ունեցել գերմանական «Շալկե-04»-ում: 40 հանդիպում է անցկացրել Թուրքիայի հավաքականում: Թուրքիայի երիտասարդական հավաքականը Մանդիլարիի գլխավորությամբ «Եվրո-2009»-ի ընտրական փուլում կարողացավ նվաճել փլեյ-օֆֆի ուղեգիր: