Թուրքերը եկել են հաղթանակի հետեւից
Աջակցիր «Ա1+»-ին«Մենք լավ հեռանկարային թիմ ունենք, որի հետ հույսեր ենք կապում: Երեւան են ժամանակել հաղթանակի համար, բայց անկախ հանդիպման արդյունքից, թող վաղը հաղթի համերաշխությունը»-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց Թուրքիայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Համի Մանդիլարին:
Վերջինիս գլխավորությամբ Թուրքիայի երիտասարդականը 2008 թ. օգոստոսին Երեւանում 1:2 հաշվով պարտվել էր Հայաստանին, ապա սեպտեմբերին սեփական հարկի տակ 4:0 հաշվով հաղթանակ տոնել: Վաղը, ժամը 20:00-ին, Հայաստանի եւ Թուրքիայի երիտասարդականները կմրցեն 3-րդ անգամ' հանդիպելով «Եվրո-2011»-ի ընտրական փուլի շրջանակներում:
Թուրք մասնագետը համարում է, որ անցած տարվա հանդիպումների համեմատ կողմերին լրիվ այլ մրցավեճ է սպասվում. «Նախորդ տարի մրցում էին 1986-87 թթ. ծնվածները, իսկ այժմ' 1988 թ.: Փոփոխությունները շատ են եւ կողմերը շատ քիչ բան գիտեն միմյանց մասին»:
Նախորդ ուրբաթ Հայաստանի երիտասարդականը 1:2 հաշվով պարտվել էր Շվեյցարիային: Այս խաղի տեսագրությունը Համի Մանդիլարին չէր տեսել, սակայն տեղյակ էր խաղի մանրամասներից. «Իմ օգնականը ներկա է եղել հանդիպմանը եւ տրամադրել անհրաժեշտ տեղեկություններ: Առաջին կեսում շատ լավ է խաղացել Շվեյցարիան, իսկ 2-րդում' Հայաստանը: Տեսնենք, թե վաղը Հայաստանը որ խաղակեսի նման հանդես կգա. առաջի՞ն, թե՞ 2-րդ»:
Վերջին շրջանում Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլային հավաքականները բավական հաճախ են հանդիպում, որի արդյունքում Համի Մանդիլարին արդեն որոշակի կարծիք է կազմել հայկական ֆուտբոլի մասին. «Հայաստանը փոքր երկիր է եւ ընտրության շատ մեծ հնարավորություններ չկան, սակայն ֆուտբոլիստների մոտ թիմային ոգի կա, եւ նրանք պայքարում են մինչեւ վերջ: Շատ կարեւոր է նաեւ, որ Հայաստանում ֆուտբոլասեր հասարակություն կա, որը 12-րդ խաղացողի դերն է ստաձնել»:
Հայաստանի եւ Թուրքիայի հետ միեւնույն ենթախմբում են նաեւ Իռլանդիան, Շվեյցարիան, Վրաստանը եւ Էստոնիան: Այս թիմերի պայքարում թւորք մարզիչը ֆավորիտ է համարում Թուրքիային. «Այո, մենք ենք ֆավորիտը, բայց դա չի նշանակում, թե հաջողությունը երաշխավորված է: Ֆավորիտ ասվածը նշանակում է, որ մենք պետք է հաղթանակներ տոնենք, շարունակական աշխատանք կատարենք մեր նպատակներին հասնելու համար»: