Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մրցավարը խանգարե՞ց Հայաստանին

Սպորտ

Հայաստանը կարող էր եւ չպարտվել Շվեյցարիային, եթե մրցավարները կոպիտ սխալ թույլ չտային հանդիպման առաջին կեսում: Ըստ Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլեւի' մրցավարները անարդարացիորեն են հաշվել հանդիպման առաջին գնդակը:

Շվեյցարիային 1:2 հաշվով պարտվելուց հետո Հայաստանի պատվիրակությունը վերադարձել է Երեւան եւ պատրաստվում է վաղը կայանալիք Թուրքիայի հետ ընտրական մրցավեճին: Երեւանում մարզչական շտաբը եւս մեկ անգամ դիտել էր հանդիպման տեսագրությունը եւ համոզվել, որ շվեյցարացիների խփած առաջին գոլը չպետք է արձանագրվեր:

 «Մեր բախտը չբերեց: Մենք շատ լավ էինք սկսել խաղը, սակայն 15 րոպե անց մրցավարները դարպասի գրավում արձանագրեցին մի դրվագում, որում գնդակը չէր հատել գիծը: Դրանից հետո մենք վատ խաղացինք մինչեւ առաջին կեսի ավարտը: Հիմնականում խնդիրներ կային պաշտպանությունում»,-ասաց Ֆլեմինգ Սերիցլեւը:

Ամեն դեպքում մարզիչը գոհ էր իր սաների ցուցադրած խաղից եւ կարծում է, որ Հայաստանն արժանի չէր պարտության. «2-րդ կեսում մենք հիանալի ֆուտբոլ ցուցադրեցինք եւ ունեցանք դարպասը գրավելու շատ պահեր: Գոնե 1 միավորի արժանի էինք այս խաղում»:

Վաղը Հայաստանին եւս մեծ ծանր փորձություն է սպասվում, քանի որ մրցակիցը մեր ենթախմբի գլխավոր ֆավորիտ Թուրքիայի հավաքականն է:

«Թուրքերը հավական ուժեղ են եւ շատ հաջող են մեկնարկել' 3:0 հաշվով հյուրընկալվելիս հաղթելով Իռլանդիային: Նրանց առավելությունը այս պահին այն է, որ ի տարբերություն մեզ պաշտոնական խաղ չեն անցկացրել վերջին օրերին եւ ավելի հանգիստ են մոտենում խաղին: Սակայն մեր խաղացողների մոտ մոտիվացիան շատ բարձր է եւ հաղթելու մեծ ցանկություն ունենք»,-նշեց Ֆլեմինգ Սերիցլեւը:

Թե ինչ կազմով է դուրս գալու Հայաստանը խաղադաշտ, Ֆլեմինգ Սերիցլեւը դեռ չի որոշել: Դանիացի մասնագետը նշեց, որ չի պատրաստվում հայտարարել իր որոշման մասին եւ նշեց, որ կազմում հարկադրված մեկ փոփոխություն լինելու է, քանի որ Շվեյցարիայի հետ խաղում կարմիր քարտի է արժանացել Միհրան Մանասյանը:

Ի դեպ, Շվեյցարիայի հետ խաղում Հայաստանի երիտասարդականում իր նորամուտը նշեց դարպասապահ Էդվարդ Հովհաննիսյանը: Հավանական է, որ Թուրքիայի հետ խաղում եւս Հովհաննիսյանը լինի հիմնական կազմում: «Շվեյցարիայի հետ խաղում դարպասապահը հիանալի հանդիպում անցկացրեց: Գործեց առանց սխալների»,-եզրափակեց Սերիցլեւը: