Խաղին մնացել է մեկ օր
Աջակցիր «Ա1+»-ինՎաղը կայանալիք Հայաստան-Թուրքիա երիտասարդական հավաքականների հանդիպումից առաջ հայ ֆուտբոլիստները անցկացրին վերջին մարզումը: Հայաստանի երիտասարդական հավաքականը Վազգեն Սարգսյանի «Հանրապետական» մարզադաշտում էր ողջ կազմով եւ մարզվեց շուրջ 1,5 ժամ:
«Եվրո-2011»-ի ընտրական խաղից մեկ օր առաջ գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլեւը չծանրաբեռնեց խաղացողներին, որոնք բավական բարձր տրամադրություն ունեին: Թեեւ հունիսի 5-ին Հայաստանը հյուրընկալվելիս 1:2 հաշվով զիջել էր Շվեյցարիային, սակայն հայ երիտասարդները բավական լավ տպավորություն էին թողել եւ նույնիսկ ավելի շատ ռեալ գոլային պահեր ունեցել:
Հրավիրվածներին էր միացել նաեւ Մարսելի «Օլիմպիկի» 2-րդ կազմում հանդես եկող Վարանց Բզդիկյանը: Սակայն Վարանցին գլխավոր մարզիչը պարզապես փորձարկեց եւ լավ տպավորություններ ստացավ: Այս ֆուտբոլիստը երիտասարդական հավաքական կհրավիրվի հետագայում:
Մարզվողների թվում էին նաեւ Մասիս Ոսկանյանը եւ Հրաչ Յագանը, սակայն այս խաղացողները դեռ իրավունք չունեն ելույթ ունենալ երիտասարդականում:
Իսկ «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղերում շարունակվում է Հայաստան-Թուրքիա հանդիպման տոմսերի վաճառքը: Ֆուտբոլասերները առայժմ ակտիվ չեն, սակայն տոմսարկղի աշխատակիցներից մեկը նկատեց, որ Հայաստանում տոմսերը հիմնական վաճառվում են խաղի օրը: Ամեն դեպքում ոմանք արդեն գնել էին տոմսեր: Ենթադրվում է, որ առավել մեծ պահանջ կունենա 1000 դրամ արժողությամբ տոմսերը, որոնցով կարելի է ներկա գտնվել արեւելյան տրիբունայում: 2000 դրամ արժողությամբ արեւմտյան տրիբունայի տոմսերը եւս աստիճանաբար սպառվում են:
Հյուսիսային եւ հարավային տրիբունաների տոմսերը ամենաէժանն են' 500 դրամ: Համեմատության համար նշենք, որ Հայաստան-Էստոնիա մարտի 28-ին կայացած խաղին տոմսերը արժեին 3-7 հազար դրամ:
Ավելորդ չէ նշել, որ 2008 թ. օգոստոսի 20-ին «Հրազդան» մարզադաշտում կայացած Հայաստան-Թուրքիա (2:1) երիտասարդական հավաքականների հանդիպմանը հետեւել է 17-18 հազար հանդիսական: