Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գոլը խփեցին վերջնամասում

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 11-րդ տուրում կայացան 2 հանդիպումներ, որոնցում գրանցվեց դարպասի ընդամենը 1 գրավում: 2 խաղերն Էլ կայացան մարզերում:

Գյումրիում մրցեցին «Շիրակը» եւ «Ուլիսը»: Վերջինս նախորդ տուրում 5:0 հաշվով առավելության էր հասել «Գանձասարի» նկատմամբ եւ թվում էր' կկարողանա հաջողությունը զարգացնել գյումրեցիներին հյուրընկալվելիս: Սակայն «Շիրակը» կարողացավ անառիկ պահել սեփական դարպասն եւ խաղն ավարտել ոչ-ոքի: Այս արդյունքը առաջին հերթին ձեռնտու էր «Բանանցին», որը քանի որ «Ուլիսի» հաղթանակի դեպքում «Բանանցը» 3-րդ հորիզոնականից կտեղափոխվեր 4-րդ տեղ:

Կապանում «Գանձասարը» 1:0 հաշվով առավելության հասավ «Կիլիկիայի» նկատմամբ: Խաղի միակ գնդակը 87-րդ րոպեին խփեց Մարշավելան: «Գանձասարը» սեփական հարկի տակ 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց: 11-րդ տուրի հաղթանակի շնորհիվ կապանցիները բարձրացան 6-րդ հորիզոնականը, իսկ «Կիլիկիան» արդեն 7-րդն է:

Հիշեցնենք, որ «Փյունիկ»-«Արարատ» եւ «Բանանց»-«Միկա» հանդիպումները հետաձգվել են եւ կկայանան հունիսի 17-ին:

Առաջնության հաջորդ' 12-րդ տուրի հանդիպումները կկայանան հունիսի 13-ին եւ 14-ին: Հունիսի 13-ին «Փյունիկը» կհյուրընկալի «Գանձասարին», իսկ «Ուլիսը»' «Միկային»: 1 օր անց «Հրազդան» մարզադաշտում կմրցեն «Կիլիկիան» եւ «Շիրակը», իսկ Աբովյանի քաղաքային մարզադաշտում «Արարատը» կընդունի «Բանանցին»: