Քարամյանները ռիսկի են դիմում
Աջակցիր «Ա1+»-ինԵվրոպական մի շարք երկրներում ֆուտբոլային առաջնությունները ավարտվել են կամ մոտենում են ավարտին: Հայ ֆուտբոլիստների մի մասը եւս առաջիկայում կլինի արձակուրդում:
Ռումինիայի առաջնության նախավերջին 33-րդ տուրում Արտավազդ եւ Արման Քարամյանները մասնակցեցին «Տիմիոշարայի» հանդիպմանը: «Տիմիշոարան» այս տուրում հյուրընկալել էր «Գլորիային» եւ հաղթանակի դեպքում կապահովեր առաջին հորիզոնականը: Խաղը ավարտվեց 1:1 հաշվով, ինչը ձեռնտու չէր «Տիմիշոարային», որը վերջին տուրում չհաղթելու դեպքում ռիսկի է դիմում դուրս մնալ լավագույն եռյակից: Ուրախալի է, որ վնասվածքից հետո արագորեն ապաքինվեց Արման Քարամյանը: Ապրիլին հայ խաղացողը ծանր վնասվածք էր ստացել եւ նշվում էր, թե նա շարք կվերադառնա միայն հուլիսին:
Ավարտվեց Դանիայի առաջնությունը, որի վերջին 33-րդ տուրում Ռոբերտ Արզումանյանի «Ռանդերսը» հյուրընկալվեց «Կոպենհագենին»: Խաղի ավարտվեց 3:3 հաշվով, իսկ Արզումանյանը, որը նստած էր պահեստայինների նստարանին, այդպես էլ դուրս չեկավ խաղադաշտ: «Ռանդերսը» 46 միավորով հանգրվանեց 5-րդ հորիզոնականում եւ իրավունք ստացավ հանդես եկավ Եվրոպայի լիգայի 2009-10 թթ. խաղարկությունում: Ավելորդ չէ նշել, որ Դանիայի ավարտված առաջնությունում Ռոբերտ Արզումանյանը հազվադեպ էր դուրս գալիս խաղադաշտ եւ հիմնականում զրկված էր խաղային պրակտիկայից:
Ռուսաստանի առաջնությունում կայացան 11-րդ տուրի հանդիպումները, սակայն Ռոման Բերեզովսկու եւ Բարսեղ Կիրակոսյանի «Խիմկին» այս տուրում հանգստանում էր: «Խիմկիի» մրցակից «Ռուբինը» մասնակցում էր գավաթի եզրափակիչին, ուստի առաջնության հանդիպումը հետաձգվել էր: