Կապանցիների «սեւ օրը» Երեւանում
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի առաջնությանը 10-րդ տուրը գոլառատ ստացվեց: 4 հանդիպումներում արձանագրվեց 16 գոլ, որոնցից 10-ը հայտնվեցին մարզային թիմերի դարպասներում:
«Ուլիսը» այս տուրում հյուրընկալել էր «Գանձասարին», որը նախորդ տուրում հաղթել էր «Բանանցին»: Այդ խաղում «Գանձասարի» գլխավոր մարզչի պաշտոնում իր նորամուտն էր նշել Սլավա Գաբրիելյանը եւ թվում էր հաջող մեկնարկից հետո' կապանցիները կփորձեն միավորներ վաստակել նաեւ Երեւանում: Սակայն «Ուլիսը» արդեն առաջին կեսում վճռեց խաղի ելքը, երբ գոլերի հեղինակ դարձան Արտյոմ Ադամյանը եւ Գագա Տիբիլաշվիլին: 2-րդ կեսում «Ուլիսի» հաջողությանը ավելի համոզիչ դարձրին Դավիթ Գրիգորյանը, Արա Հովհաննիսյանը եւ ինքնագոլի հեղինակ դարձած Դավիթ Խանիշվիլին: «Ուլիսը» հաղթեց 5:0 հաշվով, իսկ ընթացիկ առաջնությունում գրանցվեց ամենախոշոր հաշիվը:
10-րդ անընդմեջ պարտությունը կրեց Երեւանի «Արարատը», որը սեփական հարկի տակ 0:1 հաշվով պարտվեց «Միկային»: Այս խաղի միակ գնդակը 2-րդ րոպեին խփեց հյուրերի աֆրիկացի հարձակվող Բոտի Դեմելը:
Չեմպիոն «Փյունիկը» հյուրընկալվելիս 3:1 հաշվով առավելության հասավ «Կիլիկիայի» նկատմամբ: Տանտերերի կազմում միակ գնդակը խփեց «Փյունիկի» նախկին ֆուտբոլիստ Տիգրան Ղարաբաղցյանը, իսկ հյուրերից աչքի ընկան Արտակ Եդիգարյանը, Արտակ Ալեքսանյանը եւ Միհրան Մանասյանը:
2-րդ անընդմեջ խոշոր հաշվով պարտությունը կրեց Գյումրիի «Շիրակը», որին «Բանանցը» սեփական հարկի տակ հաղթեց 5:1 հաշվով:
10-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 28 միավորով գլխավորում է «Փյունիկը», որին հաջորդում է 23 միավոր վաստակած «Միկան»: Լավագույն եռյակը 21 միավորով եզրափակում է «Բանանցը»: «Ուլիսը» 19 միավորով ընթանում է 4-րդ հորիզոնականում:
Ռմբարկուների պայքարում առաջատարը կրկին «Փյունիկի» խաղացող Հենրիխ Մխիթարյանն է, որը դարձել է 11 գոլի հեղինակ: «Միկայի» հարձակվող Բոտի Դեմելը խփել է 8 գնդակ: