ՖԻՖԱ-ի պատասխանին սպասելիս
Աջակցիր «Ա1+»-ինՀունիսի 1-ից ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը կսկսի նախապատրաստվել հունիսի 5-ին Շվեյցարիայի երիտասարդականի հարկի տակ կայանալիք ընտրական մրցավեճին: Հավաքականի գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլեւը ընտրական հանդիպումներին նախապատրաստվելու համար հրավիրել է 23 ֆուտբոլիստների:
Հրավիրվածներից 13-ը ելույթ են ունենում Երեւանի «Փյունիկում», 6-ը' «Բանանցում», 1-ը' «Կիլիկիայում», իսկ մյուս 4 ֆուտբոլիստները հանդես են գալիս արտասահմանում:
Երիտասարդական հավաքականի լեգեոներների մի մասի մասնակցությունը Շվեյցարիայի եւ Թուրքիայի հետ կայանալիք խաղերին հարցականի տակ է: Մասնավորապես բելգիական «Ստանդարդում» ելույթ ունեցող Հրաչ Յագանը դեռ փաստաթղթերի խնդիր ունի: ՀՖՖ-ն դիմել է ՖԻՖԱ-ին, որպեսզի հայ կիսապաշտպանը իրավունք ստանա հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո: Պատասխան առայժմ չի ստացվել եւ դեռ հայտնի չէ, թե արդյոք Հրաչը կհասցնի մասնակցել ընտրական հանդիպումներին:
Փաստաթղթերի խնդիր ունի նաեւ բելգիական «Բրյուգեի» խաղացող Մասիս Ոսկանյանը, որը եւս հանդես է գալիս կիսապաշտպանությունում:
Իսկ ահա Հովհաննես Գոհարյանը (ԲԱՏԵ, Բելառուս) եւ Լեւոն Հայրապետյանը («Համբուրգ», Գերմանիա) որեւէ փաստաթղթային խնդիր չունեն: Այս ֆուտբոլիստները վերջին ամիսներին բավական քիչ են դուրս եկել խաղադաշտ եւ խաղային պրակտիկայի որոշակի խնդիրներ ունեն:
Հունիսի 5-ին կայանալիք Շվեյցարիա - Հայաստան երիտասարդական հավաքականների հանդիպումը տեղի կունենա Վիլ քաղաքի «Բերգհոլց» մարզադաշտում: Հիշեցնենք, որ Հայաստանի երիտասարդական ընտրանին ընդգրկվել 2-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Թուրքիայի, Շվեյցարիայի, Իռլանդիայի, Վրաստանի և Էստոնիայի հավաքականները:
Հունիսի 9-ին Հայաստանի երիտասարդական հավաքականը Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալի Թուրքիային: Խաղը սկսվելու է 20:00-ին: Արդեն վաճառքում են այս հանդիպման տոմսերը: Հարավային եւ հյուսիսային տրիբունաների տոմսերը արժեն 500 դրամ, արեւելյան տրիբունայինը' 1000 դրամ, իսկ արեւմտյան տրիբունայինը' 2000 դրամ: