Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչո՞ւ կրկին չհաղթենք Թուրքիային

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլեւը հույս ունի, որ հայ ֆուտբոլիստները հաջողություն կունենան «Եվրո-2011»-ի ընտրական փուլում: Հունիսին 5-ին Հայաստանը հյուրընկալվելու է Շվեյցարիային, իսկ 4 օր անց Երեւանում մրցելու է Թուրքիայի հետ:

 «Ինչո՞ւ մենք պետք է հաջող հանդես չգանք Թուրքիայի հետ, որին նախորդ տարի Երեւանում մեր ֆուտբոլիստները հաղթել են գեղեցիկ ոճով,-նշեց Ֆլեմինգ Սերիցլեւը ՀՖՖ շտաբ բնակարանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում, ապա ավելացրեց,-Թուրքիայի երիտասարդական հավաքականի կազմում նախորդ տարվա համեմատ 3 ֆուտբոլիստներ կան, որոնք իրավունք չունեն այս տարի եւս հանդես գալ ընտրական մրցաշարում»:

Իսկ Հայաստանի երիտասարդականում նման ֆուտբոլիստների թիվը 6-ն է: Սակայն այդ ֆուտբոլիստներին փոխարինողներ Սերիցլեւը գտել է: Դանիացի մասնագետը արդեն 3 ամիս է աշխատում է Հայաստանում եւ հասցրել է ներկա գտնվել Հայաստանի բարձրագույն եւ առաջին խմբերի առաջնությունների մի շարք հանդիպումների:

 «Երիտասարդական հավաքականի թեկնածուները լավ տպավորություն են թողել: Ունենք մեծ թվով կիսապաշտպաններ, որտեղ ընտրություն կատարելը դժվար է լինելու: Շատ կուզենայի, որ նման ընտրության հնարավորություն լիներ նաեւ դարպասապահի հարցում, պաշտպանությունում եւ հարձակման գծում»,-ասաց Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզիչը:

Սերիցլեւը խոսեց նաեւ Հայաստանի առաջիկա մրցակից Շվեյցարիայի մասին եւ նշեց, որ շվեյցարացիների կազմում ընգրկված բոլոր խաղացողներն էլ ելույթ են ունենում բարձրակարգ թիմերում: Անկախ նրանից, թե ով է Հայաստանը մրցակիցը, ըստ մարզչի պետք է լինել միասնական, քանի որ փոքր երկրները միան նման դեպքում են կարողանում հասնել հաջողության:

Քանի որ ընտրական փուլը նոր է մեկնարկում մարզչին հարց ուղղվեց, թե ինչ խնդիր է դրված հավաքականի առջեւ: Գլխավոր մարզիչը հստակ պատասխան չտվեց. «Մենք աշխատում ենք երիտասարդական հավաքականում պատրաստել ֆուտբոլիստների ազգայինի համար: Մյուս կողմից ես չեմ մասնակցում որեւէ մրցաշարի առանց հաղթելու նպատակի: Մենք բավական լավ թիմ ունենք եւ մեր նպատակն է հասնել լավ արդյունքի»:

Հայաստանի երիտասարդական հավաքականը Սերիցլեւի գլխավորությամբ անցկացրել է 2 հավաք եւ մարզիչը գոհ էր ստեղծված պայմաններից. «Ցավալի է միայն, որ չանցկացրինք ստուգողական հանդիպում, ինչը հստակ ցույց կտար, թե որտեղ ենք կանգնած»: