Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի ռեկորդի ակնկալիքով

Սպորտ

Հայ լողորդները ամռանը կմասնակցեն միջազգային 3 կարեւոր մրցաշարերի: Այդ մասին «Ա1+»-ին հայտնեց Հայաստանի լողի ֆեդերացիայի նախագահ Իգոր Սաֆարյանը:

«Հունիսի 11-ից Հայաստանի ուժեղագույն 10 լողորդները կմեկնեն Ծաղկաձոր' մասնակցելու ուսումնամարզական հավաքի: Հավաքականի կազմում ընդգրկված են լինելու 8 լողորդներ եւ 2 լողորդուհիներ»,-նշեց Իգոր Սաֆարյանը:

Հավաքին մասնակցող 10 լողորդներից 7-ը հուլիսի Հռոմում մասնակցելու են աշխարհի 2009 թ. առաջնությանը: Հայաստանի ներկայացուցիչներից Իգոր Սաֆարյանը ավելի մեծ սպասելիքներ ունի 4 լողորդներից. «Միքայել Քոլոյանը, Հարություն Հարությունյանը, Խաչիկ Փլավչյանը եւ Նորայր Ղազարյանը մեր ուժեղագույն լողորդներն են, որոնցից սպասելիքներ ունենք: Ակնկալում ենք, որ նրանք Հայաստանի նոր ռեկորդներ կսահմանեն աշխարհի առաջնությունում»:

Այս լողորդներից Միքայել Քոլոյանը մասնակցել է 2008 թ. օլիմպիական խաղերին, որտեղ 100 մ տարածությունում հանգրվանեց 56-րդ հորիզոնականում:

Հայաստանը 1 ներկայացուցիչ կունենա հուլիսին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությունում: Նույն ամսին Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում կայանալիք Եվրոպայի օլիմպիական պատանեկան փառատոնում Հայաստանը կներկայացնեն 2 լողորդներ:

Իգոր Սաֆարյանը հայտնեց նաեւ, որ հայ մարզիկները Երեւանում ներկայումս անցկացնում են օրական 2 մարզում: Առավոտյան լողորդները մարզվում են «Գոլդ Ջիմ» մարզահամալիրի լողավազանում, որտ մայրաքաղաքի միակ 50 մ երկարություն ունեցող լողավազանն է: Երեկոյան 2-րդ մարզումը Հայաստանի հավաքականի անդամները անցկացնում են Դավիթ Համբարձումյանի անվան ջրային մարզաձեւերի մարզադպրոցում կան «Նեպտուն» մարզահամալիրի լողավազանում: