Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օրացույց. Մայիսի 29

Սպորտ

Այսօր ծնվել են

1966-Կրասիմիր Բալակով (բուլղարացի ֆուտբոլիստ)

Հարձակվողական ոճի այս կիսապաշտպանը 1991-95 թթ. ելույթ է ունեցել պորտուգալական «Սպորտինգում», ապա տեղափոխվել գերմանական «Շտուտգարտ», որտեղ անցկացրել է 8 մրցաշրջան: Բուլղարիայի հավաքականի կազմում անցկացրել է 96 խաղ եւ խփել 16 գնդակ: Ազգային հավաքականի կազմում մասնակցել է 1994 թ. աշխարհի առաջնությանը, որտեղ բուլղարացիները հասան մինչեւ կիսաեզրափակիչ:

1976-Կասապա (բրազիլացի ֆուտբոլիստ)

Պրոֆեսիոնալ կարիերայի մեծ մասը անցկացրել է ֆրանսիական «Լիոնում», որի կազմում ելույթ է ունեցել 2000-07 թթ.: Այդ ընթացքում 6 անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն: 2007 թվականից հանդես է գալիս անգլիական «Նյուքասլում», որը նախորդ շաբաթ դուրս մնաց Անգլիայի պրեմիեր լիգայից: Բրազիլիայի հավաքականի կազմում անցկացրել է 4 հանդիպում:

1977-Մասիմո Ամբրոզինի (իտալացի ֆուտբոլիստ)

Իտալացի կիսապաշտպանը 1995 թվականից ելույթ է ունենում «Միլանի» կազմում, որի կազմում արդեն 250 հանդիպում է անցկացրել: Հեղինակավոր ակումբի հետ 3 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, 2 անգամ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը: Իտալիայի հավաքականի կազմում անցկացրել 35 խաղ: Վնասվածքի պատճառով բաց թողեց 2006 թ. աշխարհի առաջնությունը, որը ավարտվեց իտալացիների հաղթանակով:

1978-Սեբաստիան Գրոժան (ֆրանսիացի թենիսիստ)

Վերջին տարիներին Գրոժանը միջազգային մրցաշարերում չի փայլում: Ավելի վաղ դարձել է 4 մրցաշարի հաղթող, իսկ ընդհանուր առմամբ կարիերայի ընթացքում վաստակել 7,8 մլն ԱՄՆ դոլար: «Մեծ սաղավարտի» մրցաշարերում 4 անգամ դուրս է եկել կիսաեզրափակիչ:

1979-Առնե Ֆրիդրիխ (գերմանացի ֆուտբոլիստ)

Ֆրիդրիխը կարիերան սկսել է «Արմինիայում», իսկ 2002 թվականից ելույթ է ունենում Բեռլինի «Հերտայի» կազմում: Կենտրոնական պաշտպանը վերջին տարիներին հանդիսանում է նաեւ Գերմանիայի հավաքականի հիմնական կազմի ֆուտբոլիստ: Ազգային թիմի կազմում դարձել է 2006 թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, իսկ 2008 թ. Եվրոպայի առաջնությունում արժանացել է արծաթե մեդալի:

1981-Անդրեյ Արշավին (ռուս ֆուտբոլիստ)

Ռուսաստանի հավաքականի առաջատարը Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» կազմում ելույթ է ունեցել 2000-09 թթ.: Այդ ընթացքում Անդրեյը դարձել է Ռուսաստանում անցկացվող բոլոր մրցաշարերի հաղթող, իսկ 2008 թվականին ռուսական ակումբի հետ նվաճել է ՈՒԵՖԱ-ի գավաթը: 2009 թ. հունվարին Արշավինը հայտնվեց Լոնդոնի «Արսենալում», որտեղ արագորեն դարձավ հիմնական կազմի խաղացող, իսկ առաջնության վերջնամասում «Լիվերպուլի» հետ արտագնա մրցավեճում դարձավ միանգամից 4 գոլի հեղինակ: Ռուսաստանի հավաքականի կազմում անցկացրել է 43 խաղ եւ խփել 15 գնդակ: