Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պայքար ոսկու համար

Սպորտ

Երեւանում ընթացքող բռնցքամարտի աշխարհի առաջնությունը թեւակոխել է վճռական փուլ: Արդեն հայտնի են կիսաեզրափակիչի մասնակիցները, որոնց թվում քիչ չեն Հայաստանի ներկայացուցիչները: Վաղը կայանալիք կիսաեզրափակիչ հանդիպումներում հայտնի կդառնա, թե Հայաստանը քանի ներկայացուցիչ է ունենալու եզրափակիչում:

46 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Կորյուն Սողոմոնյանը կիսաեզրափակիչում հանդիպելու է Ռուսաստանի ներկայացուցիչ Մագոմեդ Ջաբրաիլովի հետ: Մասնագետների կարծիքով` այս զույգի հաղթողը հաջողության կհասնի նաեւ եզրափակիչում: Ամեն դեպքում Սողոմոնյանը արդեն ապահովել է բրոնզե մեդալ եւ հաղթանակի դեպքում անվազն արծաթե մեդալի արժանանա:

54 կգ քաշային Ջոնիկ Տոնոյանը կիսաեզրափակիչում վաղը կհանդիպի Տաուտվիդաս Ստանկևիչյուսի (Լիտվա) հետ: Այս մրցամարտում Տոնոյանը հաջողության դեպքում եւս կապահովի արծաթե մեդալ: 60 կգ քաշայինների պայքարում ոսկե մեդալի ռեալ հավակնորդ է համարվում Արթուր Քաջոյանը: Կիսաեզրափակիչում Արթուր մրցակիցը Օլեգ Մեկլյուդովն (Ուկրաինա) է:

Ծանր փորձություն է սպասվում 63 կգ քաշային Վոլոդյա Հայրապետյանին, որը կիսաեզրափակչում հանդիպելու է Մագոմեդ Աբդուլամագոմեդով (Ռուսաստան): Վերջինս բավական լավ տպավորություն է թողնում ընթացիկ առաջնությունում:

70 կգ քաշայինների պայքարում Հայկ Խաչատրյանը վաղը եզրափակիչի ուղեգրի համար պայքարելու է Միգել Հիդալգո Լենի (Կուբա) հետ: Այս մրցամարտից հետո հայ մարզասերների ուշադրության կենտրոնում կլինի 80 կգ քաշային Ալեքսան Նազանյանը: Վերջինս կիսաեզրափակիչում մրցելու է Միրզոբեկ Հասանովի (Ուզբեկստան) հետ:

Իսկ 80-ից բարձր քաշային կարգում Հայաստանը ներկայանցող Գոռ Մարգարյանի մրցակիցը կլինի Հասան Գիմբատովը (Ռուսաստան):