«Մեսին լավագույնն է աշխարհում»
Աջակցիր «Ա1+»-ին«Մանչեսթեր Յունայթեդին» 2-րդ տարին անընդմեջ չհաջողվեց հաղթել Չեմպիոնների լիգայի խաղարկությունում: Այս անգամ Եվրոպայի ուժեղագույն ակումբի կոչմանը արժանացավ Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան», որը Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում 2:0 հաշվով առավելության հասավ բրիտնական ակումբի նկատմամբ:
«Ես հենց վաղը «կհեռանամ» զբաղեցրածս պաշտոնից, քանի որ նման արդյունքները կրկնել այլեւս հնարավոր չէ... Մենք «Բարսելոնայի» պատմության մեջ ուժեղագույն թիմը չենք, սակայն անցկացրին լավագույն մրցաշրջանը»,-ասել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան` ընդգծելով, որ իր սաները այս մրցաշրջանում հաղթեցին բոլոր հնարավոր մրցաշարերում:
Գվարդիոլայի կարծիքով հանդիպման 2-րդ գոլի հեղինակ Մեսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է. «Նախորդ տարվա «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կիսաեզրափակիչում Մեսին խնդիրներ ունեցավ Էվրայի հետ, եւ մենք որոշեցինք տեղափոխվել նրան եզրից կենտրոն: Լեոն ուժեղագույն է ներկա դրությամբ եւ իր անունը գրեց «Ոսկե գնդակի» վրա: Նա իսկական տաղանդ է եւ երբեք չի թաքնվելու»:
Լրիվ այլ տրամադրությամբ է խոսել խաղի մասին «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը. «Իմ թիմի խաղը հիասթափեցրեց ինձ: Մեր լավագույն խաղերը այս մրցաշրջանում մենք ցույց ենք տվել շնորհիվ պաշտպանության հուսալի գործողությունների, բայց այսօր պաշտպանությունը լավ տեսք չուներ: Հատկապես առաջին գոլի ժամանակ, որը մեծապես օգնեց մրցակցին: Պետք է արժանին մատուցել «Բարսելոնային» հաղթեց ուժեղագույնը»:
Չեմպիոնների լիգայի հաջորդ եզրափակիչը կայանալու է Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում, որը պատկանում է «Բարսելոնայի» ոխերիմ թշնամի «Ռեալին»: Այժմ Կատալոնիայում սպասում են հաղթանակի հենց «Ռեալի» հարկի տակ, իսկ դրա հնարավորությունը ներկայիս «Բարսելոնան» ունի: Թիմում ընդգրկված են երիտասարդ ֆուտբոլիստների մի խումբ, որոնք Գվարդիոլայի գլխավորությամբ մեծ առաջընթաց ենք ապրում: 21-ամյա Մեսին, 22-ամյա Պիկեն, 20-ամյա Բուսկետս եւ 18-ամյա Կրկիչը դեռ մեկ անգամ չէ, որ կուրախացնեն «Բարսելոնայի» երկրպագուներին: