Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրանը եւ Իսրայելը խուսափում են միմյանցից

Սպորտ

Մայիսի 29-31-ը Երեւանի «Դինամո» մարզահամալիրում կայանալու է Լեւոն Ջուլֆալակյանի անվան ավանդական միջազգային մրցաշարը: Այս տարի եւս Երեւան կժամանեն մի շարք երկրների հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականներ:

Օլիմպիական խաղերի նախկին չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանը, որը նաեւ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն է, «Ա1+»-ին հայտնեց, որ մրցաշարին մասնակցելու են Ռուսաստանի, Հունաստանի, Իրանի, Վրաստանի եւ Հայաստանի երիտասարդական հավաքականները: Մրցաշարը այս տարի եւս ընդգրկված է ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի` ՖԻԼԱ-ի պաշտոնական օրացույցում:

Սպասվում էր, որ մրցաշարին կմասնակցի նաեւ Ուկրաինայի երիտասարդական հավաքականը, սակայն ուկրաինացիները վերջին պահին որոշել են չժամանել Երեւան: Ըստ ուկրաինական ԶԼՄ-ների`պատճառը ֆինանսատնտեսական ճգնաժամն է: Լեւոն Ջուլֆալակյանի անվան մրցաշարին մասնակցելու հրավեր էր ստացել նաեւ Իսրայելը, սակայն այստեղ արդեն քաղաքական խնդիր էր առաջացել, քանի որ Երեւանում ելույթ է ունենալու Իրանի թիմը: Այս 2 երկրների ներկայացուցիչները վերջին տարիներին խուսափում են միմյանց հետ միջազգային մրցաշարերում հանդիպելուց:

Իսկ Հայաստանի ազգային հավաքականը Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ ներկայումս Երեւանում անցկացնում է ուսումնամարզական հավաք: Հավաքականը պատրաստվում է հունիսի 4-ին մեկնել Թբիլիսի եւ մասնակցել միջազգային մրցաշարի: Հարեւան հանրապետությունում կայանալիք մրցաշարին Հայաստանի հավաքականը ելույթ կունենա ոչ մարտական կազմով, ինչը հնարավորություն կտա իրենց դրսեւորել 2-րդ կազմի ըմբիշներին:

Ամռանը հայ ըմբիշներ կմասնակցեն նաեւ Ուկրաինայում կայանալիք Ազովմաշի գավաթի խաղարկությանը, որի մեկնարկից առաջ հավաք անցկացնեն Ուկրաինայում: Նախատեսվում է նաեւ համետեղ հավաք Բելառուսի հավաքականի հետ` բելառուսների հարկի տակ: Հավաքներից մեկն էլ կկազմակերպվի Ծաղկաձորում, իսկ աշնանը մեկնարկելիք աշխարհի առաջնությանից առաջ Հայաստանի հավաքականը նախապատրաստական վերջին փուլը կանցկացնի Երեւանում: