Հետաձգվել են
Աջակցիր «Ա1+»-ինԲասկետբոլի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց 2009 թ. առաջնությունները հետաձգվում են միանգամից 3 ամսով: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայում «Ա1+»-ին հայտնեցին, որը պատճառը մարզադահլիճների զբաղվածությունն է:
Հայաստանի առաջնության հանդիպումները Երեւանում հիմնականում կայանում էին ԲՈՒՀ-երին պատկանող մարզադահլիճներում, որտեղ առաջիկա ամիսներին զբաղված են լինելու տարբեր քննություններով: Մասնավորապես հայ բասկետբոլիստները ելույթ էին ունենում Երեւանի պետական համալսարանի, ճարտարագիտական համալսարանի եւ մի քանի այլ ԲՈՒՀ-երի մարզադահլիճներում:
Ահա այս պատճառով Հայաստանի առաջնությունները կվերսկսեն միայն սեպտեմբերից: Սակայն ամռանը առաջնության մասնակիցները այնուամենայնիվ կանցկացնեն մի քանի հանդիպում' հյուրընկալվելով Լեռանային Ղարաբաղի թիմերին: ԼՂՀ-ի «Արցախ» մարզական ակումբը ներկայացուցիչներ ունի թե տղամարդկանց, թե կանանց առաջնություններում, որոնց հայաստանյան թիմերը կհյուրընկալվեն ամռանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի առաջնություններում առայժմ կայացել են առաջին շրջանի հանդիպումները: Առաջնությունը անցկացվում է 4 շրջանով:
ՀԲՖ-ից տեղեկացանք նաեւ, որ ներկայումս անցկացվում է լեգենդար բասկետբոլիստ Վիտալի Զաստուխովի պատանեկան հուշամրցաշարը: Մրցաշարին մասնակցում են 8-ական պատանիների եւ աղջիկների թիմեր:
Տղաների պայքարում ելույթ են ունենում Գյումրիի, Գորիսի, Ղարաբաղի, Արթիկի, ինչպես նաեւ Երեւանը ներկայացնող 4 թիմեր: Աղջիկների պայքարում Երեւանը դարձյալ ներկայացված է 4 թիմերով, որոնց հետ միասին ելույթ են ունենում նաեւ Նոյեմբերյանի, ԼՂՀ-ի, Գյումրիի եւ Վանաձորի թիմերը: