Հավասարների պայքարը
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում կկայանա Չեմպիոնների լիգայի 2008-09 թթ. խաղարկության եզրափակիչը: Կմրցեն Իսպանիայի եւ Անգլիայի չեմպիոնները' «Բարսելոնան» եւ «Մանչեսթեր Յունայթեդը»:
Խաղից առաջ բուքմեյքերները եւ մասնագետները կողմերի հնարավորությունները գնահատում են հավասար, քանի որ 2 ակումբների կազմերում էլ ընդգրկված են համաշխարային ֆուտբոլի աստղեր: «Մանչեսթեր Յունայթեդը» արդեն Հռոմ է բերել Չեմպիոնների լիգայի գավաթը, որը անգլիացիները նվաճել էին նախորդ խաղարկության ընթացքում:
Ընդհանրապես' Չեմպիոնների լիգայի վերջին 5 եզրափակիչները չեն անցել առանց անգլիական ակումբների մասնակցության, իսկ նախորդ տարի եզրափակիչում մրցեցին 2 անգլիական թիմեր:
Իսկ այս տարի Եվրոպայի ուժեղագույն ակումբի համար կպայքարեն մեծ պատմություն ունեցող 2 հեղինակավոր ակումբներ: 2 մասնակիցներն էլ ընթացիկ մրցաշրջանում բավական հաջող հանդես եկան ազգային առաջնություններում, որտեղ չեմպիոնի կոչումը նվաճեցին նախքան առաջնության ավարտը, եւ բոլոր ուժերը կենտրոնացրին այսօր կայանալիք եզրափակիչի համար:
Սա նաեւ պայքար է 2 հայտնի, բայց ընդհանրապես տարբեր մարզիչների միջեւ: «Բարսելոնան» մարզում է 38-ամյա Խոսեպ Գվարդիոլան, որը ոչ վաղ անցյալում հանդիսանում էր այս ակումբի առաջատարներից մեկը: Իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» վերջին 22 տարիներին գլխավորում է 67-ամյա Ալեքս Ֆերգյուսոնը, որին հաջողվել է հասնել բոլոր հնարավոր հաջողություններին:
Հռոմում խաղադաշտ չեն կարողանա դուրս գալ «Բարսելոնայի» որակազրկված պաշտպաններ Դանիել Ալվեսը եւ Աբիդալը, ինչպես նաեւ վնասվածք ունեցող Ռաֆայել Մարկեսը: Վնասվածքներից ապաքինվել են Ինյեստան եւ Անրին, ուստի հարձակման գծում Գվարդիոլան խնդիրներ չունի: «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում բացակայում է միայն որակազրկված Դարեն Ֆլետչերը:
Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկություններում «Մանչեսթեր Յունայթեդը» եւ «Բարսելոնան» միասին հաջողության են հասել 5 անգամ: Անգլիական ակումբը առաջին անգամ հաղթել է 1968 թ., երբ այս մրցաշարը դեռ կոչում էին Չեմպիոնների գավաթը: Հաջորդ 2 դեպքերում «Մանչեսթեր Յունայթեդը» հաջողության է հասել Ալեքս Ֆերգյուսոնի գլխավորությամբ 1999 եւ 2008 թթ.: «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայում հաղթել է 1992 եւ 2006 թթ.: