Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջին մեդալը

Սպորտ

Թայլանդում մեկնարկած ծանրամարտի պատանիների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է առաջին մեդալը: 56 կգ քաշայինների պայքարում արծաթե մեդալի է արժանացել Սմբատ Մարգարյանը:

Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի մեջ մտավ օլիմպիական խաղերի չեմպիոն Իսրայել Միլիտոսյանի որդին` Վարդան Միլիտոսյանը, որը հանդես եկավ 50 կգ քաշայինների պայքարում: Հայ ծանրորդը երկամարտի 176 կգ արդյունքով հանգրվանեց 12-րդ հորիզոնականում:

56 կգ քաշայինների պայքարում ելույթ ունեցավ Եվրոպայի պատանեկան առաջնությունների կրկնակի մրցանակակիր Սմբատ Մարգարյանը, որը պոկում վարժությունում ցույց տալով 100 կգ արդյունք` ընթանում էր ընդամենը 5-րդ հորիզոնականում: Հրում վարժությունում Սմբատը անհամեմատ հաջող հանդես եկավ եւ 138 կգ արդյունքով նվաճեց փոքր արծաթ, իսկ երկամարտի 238 կգ արդյունքով դարձավ աշխարհի փոխչեմպիոն: Չեմպիոնի կոչումը 262 կգ արդյունքով նվաճեց չինացի Հիոնգ Չենը:

Ընդհանրապես` Չինաստանի ներկայացուցիչները մրցակցությունից դուրս են ընթացիկ առաջնությունում:

Հայաստանի եւս 6 ներկայացուցիչներ առայժմ պայքարի մեջ չեն մտել: Հիշեցնենք, որ պատանիների աշխարհի առաջնությունում խաղարկվում են 2010 թ. Սինգապուրում կայանալիք առաջին պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրեր: