Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ վարչապետի մրցանակը «գնաց» Իրան

Սպորտ

Երեւանի «Դինամո» մարզահամալիրում ավարտվեց «Վարչապետի մրցանակ» հանդբոլի միջազգային մրցաշարը: 4 թիմերի մասնակցությամբ մրցաշարում հաղթող դարձավ Իրանը, որին հաջորդեցին Վրաստանի եւ Հայաստանի հավաքականները:

Մրցաշարին մասնակցում էր նաեւ Հայաստանի երիտասարդական հավաքականը, սակայն հայ երիտասարդները հանդես էին գալիս հաշվարկից դուրս, ուստի նրանց մասնակցությամբ հանդիպումներում հաշիվ չէր արձանագրվում: Իսկ արձանագրվելու դեպքում հաշիվը կարող էր գերխոշոր լինել քանի որ Հայաստանի երիտասարդականը իր կարգով անհամեմատ ցածր էր քան Իրանի եւ Վրաստանի հավաքականները:

Երեւան ժամանած հավաքականների հետ չկարողացավ պայքարել նաեւ Հայաստանի ազգային հավաքականը, որը խոշոր հաշվով պարտվեց թե Վրաստանի, թե Իրանի ընտրանինիներին: Վերջինիս հետ Հայաստանի հավաքականը հանդիպեց այսօր եւ պարտվեց 17:42 հաշվով, թեեւ Իրանը իր ուժեղագույն կազմով չէր ժամանել Հայաստան: Մինչ այս Հայաստանը 25:40 հաշվով պարտվել էր Վրաստանին:

Մրցաշարի ավարտից հետո հատուկ գավաթ ստացավ մրցաշարի հաղթող Իրանի հավաքականը: Պարգեւատրվեցին նաեւ առավել աչքի ընկած 7 խաղացողներ, որոնց թվում կար նաեւ Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ: Մրցաշարի կազմակերպիչները հույս ունեն, որ «Վարչապետի մրցանակի» խաղարկությունը կլինի ավանդական մրցաշար եւ հետագայում կանցկացվի ավելի մեծ թվով մասնակիցներով: Այս տարի մրցաշարին մասնակցելու ցանկություն էր հայտնել  նաեւ Բելառուսի հավաքականը, որը ֆինանսական խնդիրների պատճառով վերջին պահին հրաժարվեց ժամանել Երեւան:

Ի դեպ, Երեւանում էր գտնվում Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիայի ղեկավար Մայքլ Վեդերերը, որը Հայաստան էր ժամանել մրցաշարին ներկա գտնվելու համար: Վեդերերը Երեւանում հանդիպում է ունեցել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարար Արմեն Գրիգորյանի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը: Հանդիպման ընթացքում քննարվել են Հայաստանում հանդբոլը զարգացնելու ծրագրեր: Վեդերերի կարծիքով Հայաստանում առաջին հերթին անհրաժեշտ է հեռարձակել հանդբոլի միջազգային հանդիպումներ: